Լիպեցկի հաստոցաշինական ձեռնարկության հիմնադիր Վլադիմիր Պետրովը միջազգային հետախուզման մեջ է հայտնվել։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»-ը։
Ըստ հրապարակման՝ այս տարվա մայիսին գործարարը կնոջ հետ մեկնել է Հայաստան, այն դեպքում երբ 2023 թվականի վերջից ձեռնարկատերը ստորագրություն է տվել չհեռանալու մասին։ ՆԳՆ տարածքային վարչությունը մայիսի 30-ին ծրագրել էր նրան մեղադրանք առաջադրել։
2023 թվականի հունվարին Լիպեցկի շրջանի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով՝ բյուջետային միջոցների գողության համար: Ըստ իրավապահների՝ «Ստանկոպրոմ» ԲԲԸ-ն գումար է հատկացրել Պետրովի ձեռնարկությանը հաստոցաշինական արտադրանքի սերիական արտադրության նախագիծ իրականացնելու համար: «Կոմերսանտ»-ի աղբյուրների համաձայն՝ խոսքը մի քանի միլիոն ռուբլու մասին է։ Լիպեցկի Պրավոբերեժնի շրջանային դատարանը Պետրովին հեռակա կալանավորելու որոշում է կայացրել և հետախուզում հայտարարել։