Երեք ամսի առաջ աշխատողներին ղեկավարությունը խոստացել է, որ աշխատավարձերը հուլիսի 1-ից կբարձրանան, սակայն, գործադուլավորներից մեկի խոսքով, «նրանք մեզ խաբեցին»։
Գործի ծավալը ահռելի է, իսկ մենք վարձատրվում ենք երևի թե տասնապատիկ քիչ՝ 80-90 հազար, մաքսիմում՝ 100 հազար դրամ, Sputnik Արմենիային-ին հայտնեց Վարչական դատարանի՝ գործադուլի դիմած աշխատակիցներից մեկը։
Հայտնել էինք, որ այսօր կեսօրից ՀՀ վարչական դատարանում գործադուլ են անում դատավորների օգնականները, գործավարները ու նիստերի քարտուղարները. նրանք բողոքում են ցածր աշխատավարձից։
«Պետք է աշխատավարձի բարձրացում տեղի ունենա, որ կարողանանք թե որակ ապահովել, թե այս ծավալի տակից դուրս գալ, քանի որ բոլորը մնում են մինչև ուշ գիշեր, տաքսիներով տուն են գնում, տակը բան չի մնում»,-մեզ հետ զրույցում հայտնեց աշխատակիցներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ։
Երեք ամսի առաջ աշխատողներին ղեկավարությունը խոստացել է, որ աշխատավարձերը հուլիսի 1-ից կբարձրանան, սակայն, գործադուլավորներից մեկի խոսքով, «նրանք մեզ խաբեցին»։
Sputnik Արմենիայի զրուցակցի խոսքով՝ անգամ խոստացել են, թե դատավորների օգնականների աշխատավարձերը մինչև 400 հազար կբարձրացվեն։ Ըստ նրա՝ շատերն այդ խոստմանը հավատալով՝ աշխատանքի տարբեր առաջարկներից հրաժարվել են՝ վստահ լինելով, որ շուտով իրենց պայմանները կբարելավվեն։
«Այսօր առավոտյան պատասխանը ստացել ենք, որ աշխատավարձերը չեն բարձրանալու։ Անցած դեկտեմբերին ասում էին հունվարին, հետո ասին՝ հուլիսին, հիմա հուլիսը եկավ, ասում են նախագիծը հունվարին կներկայացնենք ու արդեն քանի տարի՝ այսպես է շարունակվում։ Ու դեռ նախագիծ կամ փաստացի գործողություններ չենք տեսնում, իսկ աշխատանքի ծավալը գնալով մեծանում է»,- նշեց մեր զրուցակիցը։
Նա հավելեց՝ անգամ պարգևավճար այս անգամ չեն ստացել, քանի որ իբր թե հուլիսից աշխատավարձերը բարձրանալու էին։ Վարչական դատարանի՝ գործադուլ հայտարարած աշխատակիցները կոչ են անում մյուս դատարանների իրենց գործընկերներին ևս միանալ, քանի որ խնդիրը բոլորին է վերաբերում։
Մեր զրուցակցի խոսքով՝ իրենց դժգոհությունների վերաբերյալ համապատասխան գրություններ են ուղարկել Դատական դեպարտամենտ, Վարչական դատարանի աշխատակազմի ղեկավարին, կառավարություն, վարչապետին, հիմա սպասում են պատասխանի։ Շեշտում են՝ շարունակելու են գործադուլը, քանի դեռ հստակ պատասխան չեն ստացել, որովհետև նման ծավալի աշխատանք անել այդքան ցածր վարձատրությամբ, անհնար է։