Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչներն այսօր առավոտից փակել են Երևան–Ապարան ճանապարհը։ Նրանք բողոքում են գյուղի հողատարածքներից 110 հեկտարը հանրային գերակա շահ ճանաչվելու որոշման դեմ, ինչի հետևանքով իրենք զրկվել են իրենց հողերից։ Նշենք, որ գյուղացիները ճանապարհ էին փակել նաև այս տարվա մարտին` բողոքելով, որ «ՌԻԴ» ընկերությունը փորձում է գնել իրենց պատկանող գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ` վճարելով ընդամենը 300 դրամ մեկ քմ-ի համար։
«Մեր վարչապետն ասել է՝ հարցը լուծելու համար ճանապարհ փակեք, մենք էլ առաջնորդվում ենք վարչապետի ասածով: Հունվարից մինչեւ հիմա նայում են մեր աչքերի մեջ ու մեզ խաբում են՝ նախարարից սկսած, վարչապետից վերջացրած: Վարչապետն ասում է՝ ես բանից անտեղյակ եմ: Տենց բան կլինի՞»,- բողոքի ակցիայի ժամանակ հայտնեց գյուղացիներից մեկը:
Նա շարունակեց. «Մեր հողը մեր ձեռքից տանում են, իմ երեխու, իմ թոռան հողը տանում են»:
Մի կին էլ հավելեց. «Մեզ էլ հաելի չէ դիմել այս քայլին, բայց ուրիշ միջոց չկա, այլեւս»:
Արագածոտնի մարզպետի տեղակալ Հարություն Գյուլյանը փորձում է համոզել գյուղացիներին, բացել ճանապարհը՝ խոստանալով հարցը քննարկել։
«Չենք բացելու, ճանապարհ փակելով էս իշխանությանը բերել ենք: Ուժ կիրառեք, բռնեք տարեք
Նշենք, որ ՀՀ կառավարության` 2023 թ. մարտի 2–ի որոշմամբ «ՌԻԴ» ՍՊԸ կողմից ներկայացված` ամառային և ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկոգյուղատնտեսական արտադրության կենտրոնի ստեղծման և ջրամբարի կառուցման «Արագած» ներդրումային ծրագիրը իրականացնելու նպատակով մի շարք հողամասեր հանրային գերակա շահ են ճանաչվել։ Վարդենուտ գյուղի հողատարածքներից հանրային գերակա շահ է ճանաչվել 110 հա հողատարածք։
Տարեսկզբին Վարդենուտի բնակիչները նամակով դիմել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ էկոնոմիկայի նախարարին։
«ՌԻԴ» ընկերությունը նաև դատի է տվել բնակիչներին։