Ուկրաինայի իշխանությունները մտադիր են դադարեցնել ռազմական գործողությունները Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների միջոցով: Այս մասին հայտնում է The New York Times թերթը:
Դրա տեղեկություններով՝ երկրի ղեկավարությունը զբաղվում է պլանի մշակմամբ, որը թույլ կտա կանգնեցնել Ռուսաստանի հետ հակամարտությունը։ Պարբերականի գնահատականներով՝ Կիևի համապատասխան մտադրության մասին է վկայում երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու վերջերս արած հայտարարությունը։ Այսպես, ավելի վաղ նա կարծիք էր հայտնել, որ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է Ռուսաստանի ներկայացուցիչների ներկայությունը Ուկրաինայի հարցով կայանալիք երկրորդ գագաթաժողովին։
Հուլիսի 15-ին Զելենսկին ասել էր, որ Ռուսաստանի ներկայացուցիչները պետք է մասնակցեն ուկրաինական հակամարտության կարգավորման երկրորդ համաժողովին, դրա նախապատրաստումը պետք է ավարտվի մինչև նոյեմբեր: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը դեռ չի հասկանում, թե Զելենսկին ինչ միջոցառում է նկատի ունեցել։
Կիեւի նախաձեռնությամբ Բյուրգենշտոկում հունիսի 15-16-ը տեղի է ունեցել Ուկրաինայի վերաբերյալ խորհրդաժողով: Համաժողովի ամփոփիչ կոմյունիկեն չեն ստորագրել Հայաստանը, Բահրեյնը, Բրազիլիան, Վատիկանը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Հորդանանը, Իրաքը, Կոլումբիան, Լիբիան, Մեքսիկան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ռուանդան, Սաուդյան Արաբիան, Թաիլանդը և ՀԱՀ-ը: Ռուսաստանը չի հրավիրվել Բյուրգենշտոկ։ Բացակայում էին նաև ՄԱԿ-ի անդամների մեծամասնության պատվիրակությունները։ Ինչպես հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, համաժողովը լիակատար ֆիասկոյի է վերածվել: