«Մեր երկրի փոփոխությունների դինամիկայից ես հետ եմ մնացել։ Երբ գնացել եմ, բավական մեծ երկիր էր։ Հիմա չգիտեմ, ինչ է փոխվել, մարդկությունն էլ է գուցե փոխվել։ Այնպես որ ոչ սպասում էի, ոչ էլ չէի սպասում»,-լրագրողների հետ զրույցում ասաց Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք սպասելի էր, որ կալանքը գրավով կփոխվի։ Լրագրողի հարցին, թե գուցե պայմանավորվածություն կա՝ ազատ արձակվելու դիմաց, ասլանյանը պատասխանեց․ «Եթե պայմանավորվածություն լիներ, ես այստեղ չէի լինի։ Սա ոտքից գլուխ քաղաքական հետապնդման պրոցես է, հետագայում ավելի մանրամասն կանդրադառնամ»,-ասաց նա՝ նշելով, որ կամքը չի կոտրվել, հայացքները չեն փոխվել և մնալու է քաղաքականության մեջ։