Իրականացվել են զանգվածային ձերբակալություններ՝ ամբողջությամբ ապօրինի եղանակով, ՀՅԴ գրասենյակում հրավիրված մամուլի ասուլսին հայտարարեց փաստաբան Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով ՀՅԴ-ի դեմ սկիզբ առած բռնաճնշումներին
«Ի սկզբանե պարզ էր, որ ձերբակալությունները և հետագայում կալանքի տանելու միջնորդությունները պայմանավորված են եղել կոնկրետ անձանց կոնկրետ կուսակցական լինելու հանգամանքով, այդ կուսակցությունում (ՀՅԴ) նրանց զբաղեցրած դիրքով, կապերով։
Կար ցուցակ, որտեղ գրված էին անուններ, կողքը՝ թե ինչ կարգավիճակ ունի ՀՅԴ գրասենյակում, և ըստ դրա էլ ընտրվում էր ամենախիստ խափանման միջոցներ կիրառելու հարցը»,-ասաց Բաբայանը։
Փաստաբանն ասաց, թե դատարաններում ցանկացել են ամեն եղանակով ստանալ իրենց համար ցանկալի ցուցմունքներ։
«Դա հետևյալն էր, որ որևէ մեկը հայտարարի, թե իսկապես գումար է բաժանվել։ Ոստիկանության մարզային վարչության բարձր ղեկավարության կողմից մի քանի անձի նկատմամբ կոնկրետ փորձ է արվել, ոստիկանության բաժիններում առաջարկել են տալ այդպիսի ցուցմունքներ և ասել, թե այդ դեպքում անմիջապես ազատ կարձակվեք։ Ում այդպիսի առաջարկ է արվել, բոլորը հիմա կալանավորված են. դա նշանակում է, որ չեն համաձայնել այդպիսի ցուցմունքներ տալ, որովհետև չի էլ եղել այդպիսի հանգամանք»,-հայտարարեց Արսեն Բաբայանը։