Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում երեկ՝ հուլիսի 16-ին, շան հարձակման հետևանքով տուժած 5 քաղաքացիներից 4-ը ամբուլատոր բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց «Գյումրի» ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը ՝ նշելով, որ 5-ամյա երեխան, որ ամենաշատն էր տուժել, տեղափոխվել է Երևանի «Ուիգմոր» բժշկական կենտրոն:
«Տուժածները վնասվածքներ էին ստացել մարմնի տարբեր հատվածներում ՝ մեծամասամբ վերին վերջույթների հատվածում»,-նշեց նա:
Ոսկեհասկի բնակիչ 59-ամյա Շիրակ Ն.-ն NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ երեխայի առողջական վիճակի մասին ոչինչ չգիտի:
«Տեսել եմ, որ շունը երեխային գզում է, հասել եմ, փրկել»,-պատմեց նա:
Երեխայի առողջական վիճակի մասին «Ուիգմոր» բժշկական կենտրոնը տվյալներ չի հայտնում, միայն նշում են, որ երեխան իրենց բժիշկների հսկողության տակ է:
Ոսկեհասկի վարչական ղեկավարի տեղեկություններով, երեխային վիրահատել են:
Ոսկեհասկի վարչական ղեկավար Մուշեղ Սահակյանի խոսքով, 5-ամյա երեխան և նրա մայրը հյուր էին գնացել իրենց բարեկամի տուն: Դեպքը հենց բարեկամի թաղամասում է տեղի ունեցել: Մուշեղ Սահակյանն իր խոսքով, տեղյակ չէ, թե ում շունն է եղել: Ասում է՝ չգիտեմ էլ տեր ունեցել է, թե ոչ:
Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ այն է, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը: Նշանակված են դատաբժշկական փորձաքննություններ: «Նախնական տվյալներով, Ոսկեհասկ գյուղում, ժամը 17:00-ի սահմաններում շունը կապը կտրել է և հարձակվել 5 տարեկան երեխայի վրա, մարմնական վնասվածքներ հասցրել՝ կծել: Երեխայի մայրն ու հարևանները փորձել են օգնել, սակայն շունը նաև նրանց վրա է հարձակվել և վնասվածքներ հասցրել»,-հայտնեցին Քննչական կոմիտեից: