Search
Close this search box.

«Ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստալու» եւ «պինցետով հատիկ- հատիկ քաշելու ենք» նման «գցող» եւ սուտ օրենք պահող պաշտոնյաներին, ինչպիսին է զինվորական դատախազի տեղակալ Վահագն Ժուլվերի Մուրադյանը

meganews.am  կայքը գրում է․

Այն, որ ապրում ենք մի ժամանակաշրջան, որտեղ օրենքն այլեւս չի գործում, կամ գործում է միայն այն անձանց համար, ովքեր չունեն քավոր-սանիկ ու խնամի պատկան կառույցներում, արդեն պարզ էր, բայց որ այս աստիճան կտիրի անպատժելիություն եւ անպատասխանատվություն, դժվար էր պատկերացնել , անգամ սարսափ երազում։ ՈՒրեմն «Շանթ» եւ մի շարք այլ ընկերությունների սեփականատեր Վարշամ (Յուրա) Ղարիբյանը, օրերս հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին եւ ԱԱԾ տնօրենին՝ ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ հանցագործությունների գործերով վարչության պետ, զինվորական դատախազի տեղակալ Վահագն Ժուլվերի Մուրադյանի կողմից առերեւույթ հանցագործություններ կատարելու վերաբերյալ։ Շեշտենք, որ գործարարի եւ դատախազության միջեւ վեճը տասնամյակների պատմություն ունի։ «Ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստալու» թեւավոր խոստմանը, որը տվել էր երկրի վարչապետը մինչ վարչապետ դառնալը ու որին ականջալուր լինելով հավատացել է ընտրողների մեծ զանգված, այսօր բոլորովին այլ պատկեր է տեսնում՝ լավ էլ պլստում են ու դեռ մի բան էլ բազմանում։

Իմ միամիտ ժողովուրդ, ինչպես տեսնում ենք հեղափոխությունից հետո «ժողովրդավարության բաստիոնում» «քցող» դատախազին ոչ-ոք չի պատրաստվում պատասխանատվության ենթարկել։ Հիշեցնենք, որ Ղարիբյանը Մուրադյանից 19 միլիոն դրամի պարտք ու պահանջ ունի ու որ վեճը սկիզբ է առել 2005-ին, ինչը անվերջ ձգձգվում է՝ մի դատարանից անցնելով մյուսը։ Բանն այն է, որ 2005 թ. հոկտեմբերին Ղարիբյանն ու Մուրադյանը նոտարական կարգով կնքել են անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագիր, որով Ղարիբյանը վաճառել է Շեւցովայի փողոցում գտնվող գործարանը՝ 19 միլիոն 500 հազար դրամով։ Ըստ գործի տվյալների.

«Վ. Ղարիբյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելուց հետո Վ․ Մուրադյանը 2008-2011թթ. ընթացքում ձեւական առքուվաճառքի պայմանագրեր կնքելու եղանակով, 885 հազար դոլար իրական արժողությամբ գույքը 163 հազար 542 դոլարով առքուվաճառքի ձեւական պայմանագրերով ձեւակերպել է իր 2 մտերիմների անուններով՝ տվյալ գույքի հանցավոր ծագումը թաքցնելու, խեղաթյուրելու համար, որից հետո գույքը ձեւական առքուվաճառքի պայմանագրով ձեւակերպել է իր անունով՝ ավարտին հասցնելով նախապես մշակված ծրագիրը»: Նշենք նաեւ, որ Մուրադյանի տարեկան հայտարարագրերից երեւում է, որ նա բնակարաններ, տներ, գործարաններ ունի Երեւանի կենտրոնում, առանձնատուն՝ Գերմանիայում, դրամական մեծ միջոցներ, բայց թե որքանը չի հայտարարագրել, դա էլ հատուկ ծառայության աշխատանքը պետք է լինի, ինչի համար վճարվում են ու կրկին բազմանում։ Ինչեւէ, Ղարիբյանն ակնկալում է, որ այս անգամ ՀՀ գլխավոր դատախազն անաչառ եւ օբյեկտիվ կգտնվի` կստուգի նշված հանգամանքները: Հիմա հարց Հակակոռուպցիոն կոմիտեին, ԱԱԾ-ը, դատախազությանը. ինչու՞ է մինչ օրս զինվորական դատախազի տեղակալ Վահագն Ժուլվերի Մուրադյանը շարունակում պաշտոնավարել։

Ո՞վ է այսքանից հետո շարունակելու վստահել նման կոռուպացված անձի, ով չի վարանում «գցել» ում պատահի, հատկապես եթե պատահածը յողոտ կտոր է։ Մինչ ե՞րբ պիտի աչք փակվի նման «գցողների» վրա։ Ակամայից հիշեցի մի կնոջ, ով հարեւանի տանից հաց եւ 5000 դր. էր գողացել երեխաներին կերակրելու համար։ Այժմ այդ կինը իր պատիժը կրում է Աբովյանի քրեակատարողական հիմնարկում, իսկ զինվորական դատախազի տեղակալ Վահագն Ժուլվերի Մուրադյանը որտե՞ղ է հիմա, այո, վայելում է իր «գցած»-ները ու մտածում, թե հիմա ում «գցի», որ յոթ պորտ սերունդ բարեկեցիկ կյանքով ապահովի։

Մենք տեղեկացանք, որ Ղարիբյանը նաեւ ՄԻԵԴ է դիմել։ Մենք հետամուտ ենք լինելու այս գործի ընթացքին եւ «պինցետով հատիկ- հատիկ քաշելու ենք» նման «գցող» եւ սուտ օրենք պահող պաշտոնյաներին։ Նյութի աղբյուրը՝ armenian24news.am