Այսօր՝ հուլիսի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ուենցել Լոռու մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում «Toyota Raf 4» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի Սպիտակ խոշորացված համայնքի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պարսպին և մոտ 15 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել երկաթե արգելապատնեշի մոտ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով, մահացածն ու վիրավորները Լոռու մարզի բնակիչներ են։ Մահացածի մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 10 մետր հեռավորության վրա, և չի բացառվում, որ վիրավորներից երկուսը տեղափոխվեն Երևանի հիվանդանոցներ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։