Այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում «Infiniti» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին, ժողովրդի կողմից արդեն «մահաբեր» ճանապարհ անուն ստացած հատվածում, «Բոմբ» ակումբի հարևանությամբ, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվելով բախվել քարերին և հայտնել ձորում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի, որից մեկը 6-7 տարեկան տղա է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի և Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատի հատուկ փրկարարներն ու Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։Օպերատիվ են գործել նաև Աբովյանի և Բյուրեղավանի շտապ օգնության բժիշկների հերթապահ խմբերը։
Բոլոր վիրավորները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս, տարբեր ուղղություններում և բոլորին պատգարակներով են մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։ Այդ մասին ասում էին դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, այդ թվում օգնություն ցուցաբերողներ։
Մահացածի մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 5 մետր հեռավորության վրա։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։