Հայաստանում իմ և ԱՄՆ բոլոր դեսպանների առաջադրանքն է եղել անել այնպես, որ Հայաստանն իր քաղաքական ուղեգիծը թեքի դեպի Արևմուտք, այս մասին ԱՄՆ Ատլանտյան խորհրդում այսօր տեղի ունեցած «Արդյո՞ք Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության եզրին են» թեմայով քննարկմանն ասել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆերնը։
Նրա խոսքով՝ այդ ժամանակ իրենց մտքով անգամ չէր անցնում, որ Հայաստանը կարող է հեռանալ Ռուսաստանից, հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրության մասին և հայացքը թեքել դեպի Վաշինգտոն և Բրյուսել։
«Դա հսկայական դրական զարգացում է, որ Փաշինյանը կայացրել է այդ դժվարին որոշումը՝ հեռանալու Մոսկվայից և լքելու ՀԱՊԿ-ն։ Ակնհայտ է, որ Հայաստանը շատ վտանգավոր հարևաններ ունի և անվտանգության չակերտավոր երաշխավոր չունենալը Հայաստանին չօգնեց վերջին երկու պատերազմներում, և ես հասկանում եմ դա»,- ասաց նա։
«Սակայն քո իսկ անվտանգության երաշխավորից ինքդ քեզ կտրելը բավական քաջ արարք է։ Եվ ես իսկապես կարծում եմ, որ մենք՝ Արևմուտքը,- չէի ասի, թե պարգևատրել,- բայց պետք է Հայաստանը դիտարկենք որպես գործընկեր ինչպես ժողովրդավարության, այնպես էլ տարածաշրջանային կայունության հարթությունում»,- հավելեց նախկին դեսպանը։
Ջոն Հեֆերնը նշեց, որ ԱՄՆ-ը և ԵՄ-ն պետք է ամեն ինչ անեն, որպեսզի շարունակեն աջակցել Հայաստանին իր ընտրած այս ուղեգծով առաջ գնալու հարցում։
«Շատ դրական զարգացում է ՀԱՊԿ-ն լքելը [մտադրությունը] և Մոսկվայից հեռանալը։ Եվ մենք՝ Արևմուտքը պետք է շարունակի արձագանքել դրան, ցույց տալ հայ ժողովրդին, որ արժեր ուղեգիծը թեքել դեպի Արևմուտք»,- նշեց նա։