Search
Close this search box.

Նա իրավացի է, Լուկաշենկոն դավաճանել է Հայաստանը. Բելառուսի ընդդիմության առաջնորդ Տիխանովսկայան ողջունել է Փաշինյանի հայտարարությունը

Բելառուս ընդդիմադիր գործիչ, նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանն այն մասին, որ քանի դեռ Բելառուսի նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է, ինքը կամ ՀՀ որևէ պաշտոնյա այդ երկիր չի այցելի:

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի այցելի Բելառուս, քանի դեռ Լուկաշենկոն իշխանության ղեկին է։ Նա իրավացի է. Լուկաշենկոն դավաճանել է Հայաստանը, ինչպես դավաճանեց Ուկրաինան: Աշխարհին անհրաժեշտ է ազատ և ժողովրդավարական Բելառուսը՝ որպես խաղաղության հուսալի գործընկեր, ոչ թե դավաճան բռնապետ», — X-ում գրել է Տիխանովսկայան։

Հիշեցնենք, որ նախօրեին Փաշինյանն ԱԺ-ում ասել էր. «ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։ Բա դրանից հետո ես պետք է գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ, հարց քննարկե՞մ, բա դուք չե՞ք, որ խոսում եք արժանապատվությունից ու սկզբունքայնությունից։ Չնայած նաև իրավիճակ կա ԵԱՏՄ-ում ու ԱՊՀ-ում, ինչ-որ առումով ստիպված եմ լինելու, բայց նաև հետևյալն եմ ուզում ասել՝ ես արձանագրում եմ, որ Բելառուս ես երբեք չեմ այցելի, ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի»,- ասել է Փաշինյանը։