Search
Close this search box.

Մոնտաժված կադրեր, կեղծ ուրախություն. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավ է սկսել։ Շաբաթներ առաջ Սյունիք այցի ընթացքում էր հատ-հատ ներկայացնում մարզում կատարված եւ կատարվելիք աշխատանքները, երեկ՝ Արագածոտնի մարզում: Երեկ նա այցելել է մի շարք համայնքներ՝ Աշտարակ, Ապարան, Ծաղկահովիտ, Սասունիկ եւ այլն։ Նրա այցով պայմանավորված՝ երեկ մարզում անվտանգային խիստ միջոցառումներ են իրականացվել: Մեզ պատմեցին, որ ոստիկաններից տեղ ու դադար չկար։ Փաշինյանը կարճ կանգառներ է ունեցել համայնքներում: Ուշագրավ էր, որ երբեմնի ընդդիմադիր, Ապարանի համայնքապետ, «Գնթունիքի» սեփականատեր Կարեն Եղիազարյանն էր խելոք ուղեկցում Փաշինյանին:

Ավելին` հենց համայնքապետն էր Ապարանի բոլոր համայնքներում ջերմ ընդունելության տեսարաններ կազմակերպել, թե իբր ժողովուրդն ինքնակամ եկել է, որ վարչապետին ողջունի։ Այդուհանդերձ, վարչապետի աշխատակազմի հրապարակած տեսանյութերից էլ պարզ էր, որ հաշված մարդիկ են ներկա գտնվել նրա հանդիպումներին, բացառությամբ վարդենուտցիների, որոնք բողոքի ակցիայի համար էին հավաքվել: Նրանք, մինչեւ վարչապետի հետ կարճատեւ հանդիպումը, լրատվամիջոցների հետ զրույցում մի լավ «նախշել» են նրան, դժգոհել «հող հանձնելու» քաղաքականությունից: Բնականաբար, Փաշինյանի աշխատակազմի հրապարակած կարճ տեսանյութում այդ դժգոհությունը չկար, ավելին` բնակիչներից մեկն ասում է. «Դու մեր վերջին հույսն ես», մի բան արա` նորմալ փոխհատուցում ստանանք:

Հիշեցնենք. վարդենուտցիները տեւական ժամանակ է՝ դժգոհ են կառավարության որոշումից, որով իրենց հողերը ճանաչվել են գերակա շահ` «ՌԻԴ» ընկերության կողմից լեռնադահուկային համալիր կառուցելու ծրագրի համար։ Այցն ամփոփել են կերուխումով, քեֆ-ուրախությամբ` Աշտարակում գտնվող «Նավոյի մոտ» ռեստորանում։ Մասնակցել են համայնքի ղեկավարներն ու ՔՊ մարզային ակտիվը, Փաշինյանը հորդորել է միասնական լինել։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում