Հայ գերիների հարցը միայն Հայաստանի կամ հայերի խնդիրը չէ, այլ, ընդհանրապես, ամբողջ միջազգային հանրությանն է վերաբերում, «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:
«Որովհետև գերիների հիմնարար իրավունքների խախտումները հանգեցնում են աշխարհում դրանց չպաշտպանվածության վերաբերյալ տարատեսակ ընկալումների»,- նշել է նա:
ՄԻՊ-ի խոսքով` այս հարցն, իհարկե, ուղղակիորեն չի ընդգրկվում Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի շրջանակներում, բայց, նկատի ունենալով այն հանգամանքը, որ այն վերաբերում է մարդու հիմնարար իրավունքների հետ կապված խնդիրների, ինքն անընդհատ է այս հարցերով զբաղվում։
«Աշխատանքների մեծամասնությունը խորհրդապահական բնույթ է կրում, և քիչ ենք այս հարցերի մասին հրապարակային խոսում։ Միևնույն ժամանակ, նշեմ, որ ես անընդհատ, գրեթե բոլոր միջազգային կազմակերպությունների հետ իմ հաղորդակցության շրջանակներում ոչ միայն պարզապես բարձրաձայնում եմ այս խնդիրը, այլ մի շարք իրավիճակներում հստակ վերլուծությամբ իրավունքների խախտման առնչությամբ միջազգային գործընկերներին ներկայացնում եմ իրավունքների կոնկրետ խախտումներ, օրինակ՝ ադրբեջանական տարբեր հեռուստաալիքներով գերիների մասնակցությամբ տեսանյութերի և ռեպորտաժների նախապատրաստման առնչությամբ, ընդհանրապես էթնիկ հայերի նկատմամբ Ադրբեջանում իրականացվող վարույթների, դրանց անկողմնակալության ու մարմինների անկախության առնչությամբ մտահոգությունների վերաբերյալ և այլն։
Իհարկե հատուկ շեշտադրեմ, որ առանցքային խնդիրը գերիների վերադարձի հետ կապված հարցն է, որը մշտապես ենք բարձրաձայնում։
Հույս ունեմ, որ այս խնդիրները պատշաճ և շուտափույթ լուծումներ կստանան, որովհետև, ինչպես իմ բոլոր միջազգային գործընկերներին եմ անընդհատ նշում՝ սա միայն Հայաստանի կամ հայերի խնդիրը չէ, սա ընդհանրապես ամբողջ քաղաքակիրթ աշխարհին, միջազգային հանրությանը վերաբերելի խնդիր է, որովհետև առնչվում է այնպիսի կարևորագույն, հիմնարար իրավունքների, որոնց՝ աշխարհի մի կետում չպաշտպանված լինելը հանգեցնում է ամբողջ աշխարհում դրանց չպաշտպանվածության վերաբերյալ տարատեսակ ընկալումների»,- նշել է Մանասյանը։