«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Երևանի մետրոյի կայարաններում տեղադրվել են նոր անցարգելներ՝ վճարման նոր համակարգերով․ քաղաքացիները ժետոնների փոխարեն՝ տոմսերը գնելու են QR կոդի հավելվածով կամ տերմինալով: Այս նորամուծությունը դժգոհության տեղիք է տվել, համացանցում գրառումներ կան, թե` «ինչու եք մարդկանց կյանքը բարդացնում»: Նախ` հատկապես տարեցներն են դժվարանում օգտվել էլեկտրոնային համակարգից: Բացի այդ` հերթեր են առաջանում եւ պիկ ժամերին կուտակումներ տոմս գնելու համար: Եւ մի խնդիր էլ կա` ժետոն վաճառողները մարդիկ էին, որոնք փոքր աշխատավարձով, բայց աշխատանք ունեին, հիմա նրանք գործազուրկ են դառնալու:
Մեզ ասացին, որ մետրոպոլիտենում նոր վճարային համակարգը սպասարկող «Թել-Սել» ՓԲԸ-ն աշխատակիցներ է տրամադրել, որոնք մետրոյի կայարաններում համապատասխան սարքավորումների մոտ մետրոյից օգտվողներին ցույց են տալիս քայլերի հաջորդականությունը։
Երևանի Մետրոպոլիտենի խոսնակ Տաթև Խաչատրյանից հետաքրքրվեցինք` իսկ ի՞նչ ճակատագրի են արժանանալու ժետոն վաճառողները, նրանց հաստիքները կրճատվելո՞ւ են: Պարզվեց` նրանք դեռեւս աշխատում են, բայց ժամանակի ընթացքում այս հաստիքները կվերանան.
«Ժետոն վաճառողները կան, անցակետները տեղադրված են առանձին, տևական ժամանակ կգործի նաև ժետոնային համակարգը: Իրազեկման լայնամասշտաբ աշխատանքներ են արվում, որպեսզի հանրությունը կարողանա նաև QR կոդի հավելվածով, «Թել-Սել» համակարգից օգտվել: Հետագայում էլ ամեն դեպքում ժետոն վաճառող գանձապահները կլինեն: Տարեց մարդիկ` տատիկ-պապիկները դժվարությամբ են ընտելանում նորագույն տեխնոլոգիաներին, այնպես որ տևական ժամանակ հաստատ մետրոպոլիտենի գանձապահները կաշխատեն», — նշեց նա:
Նկատենք, որ անգամ արեւմտյան առաջադեմ երկրներում, որտեղ ամեն ինչ թվայնացված է եւ ամենուրեք էլեկտրոնային տոմսեր են վաճառվում, օնլայն սպասարկում է իրականացվում, երկաթուղային կայարաններում կամ մետրոներում կան նաեւ կենդանի մարդիկ, որոնք սպասարկում են թվայնացված ծառայություններից օգտվելու հարցերում դժվարություններ ունեցողներին: Իսկ որ երկրներում այդ մասին չեն հոգացել, անպայման նման ապարատների մոտ հայտնվում են իրենց ծառայություններն առաջարկող անհատ «բիզնեսմեններ», որոնք փոքր գումարի դիմաց օգնում են մարդկանց` տոմս գնել»,- նշվում է նյութում։