Search
Close this search box.

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը կտեւի մինչեւ 2032-ը. Ավինյանը հիշեցրեց, որ 4 տարվա խոստում են տվել

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը երկարատեւ գործընթաց է լինելու, նախնական գնահատումով մինչեւ 2030-2031-2032 թվականներ: Այս մասին նշվեց այսօր՝ հուլիսի 1-ին քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցության ժամանակ:

Բացի այդ, նշվեց, որ շինարարության մեկնարկը կարող է տրվել 2026-ից, եւ դեռ շատ բան կախված է ֆինանսավորման աղբյուրից:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձգանքեց. «Որքան ես հիշում եմ՝ նախագծով մետրոյի Աջափնյակ կայարանի շինարարության համար ընդամենը 4 տարի էր նախատեսված:

Ինձ համար մի քիչ տարակուսելի են փորձաքննությունների էսքան երկար տևող պրոցեսները։ Շինարարության համար նախատեսված ժամկետը 4 տարի է՝ ըստ նախագծի։ Ենթադրվում է, որ շինարարության մեկնարկից հետո 4 տարում պետք է այն ավարտվի։ Եկեք հավելյալ վատատեսական սցենարներ չքննարկենք, որովհետև ինչքան տենց վատատեսական սցենարներ քննարկենք, այդ տրամաբանությունն էլ կունենանք իրական կյանքում։

Մենք ունենք տրված խոստում՝ մետրոյի Աջափնյակի կայարանի կառուցման, այդ կայարանը կառուցվելու է։ Երբ որ պետք է ես միջամտեմ, խնդրում եմ, ինձ պարբերաբար տեղյակ պահեք, որովհետև սա չի կարելի բյուրոկրատական ընթացքին թողնել, որովհետև եթե էդ ընթացքով գնանք, իր դանդաղ մահով կմահանա»: