«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր ալիքում ինչ-որ հարցումներ է անցկացնում՝ ով կլինի ընդդիմության հաջորդ առաջնորդը, կամ՝ որ լրատվամիջոցից եք նախընտրում տեղեկատվություն ստանալ։ Նա մասնագիտությամբ իրավաբան է, բայց շատ կարճ ժամանակ է իրավական ոլորտում աշխատել՝ եղել է պրոդյուսեր, ֆիլմերում է նկարահանվել, հոլովակներ է նկարահանել՝ շոուբիզնեսի աստղերի մասնակցությամբ, ղեկավարել է Խաչատուր Սուքիասյանի «Արարատ» մեդիահոլդինգը, հետո ԱԺ նախագահ է ընտրվել։ Բայց, ըստ ամենայնի, մանկուց երազել է սոցիոլոգ դառնալ: Մանավանդ որ այդպես էլ ինքնուրույն քաղաքական գործիչ չդարձավ եւ ԱԺ նախագահի պաշտոնն էլ զբաղեցնում է այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս։
Նա այս հանգստյան օրերին որոշել էր լրատվամիջոցների ռեյտինգները չափել եւ հարցում է անցկացրել իր ալիքին բաժանորդագրված անձանց շրջանում՝ պարզելու, թե նրանք որ ԶԼՄ-ին են վստահելի համարում: Առնվազն զարմանալի կլիներ, որ, օրինակ, ՔՊ անդամը կամ ֆեյքերի ՊՈԱԿ-ի աշխատակիցը, որոնք Ալեն Սիմոնյանի շրջապատն են, ընտրեին «Հրապարակ» կամ «5-րդ ալիքը»։
Բնականաբար, նրանց ընտրությունը Civic.am-ի, Հանրային հեռուստաընկերության եւ 1in.am-ի միջեւ պետք է լիներ: Բայց երբ երկրի ղեկավարը մեկնում է Բեռլին՝ ֆուտբոլ դիտելու, իսկ պառլամենտի ղեկավարը սոցհարցումներ է իրականացնում, հարց է ծագում՝ մի՞թե իշխանության գլխին կանգնած մարդիկ առավել կարեւոր գործեր չունեն, եւ մեր երկրում բոլոր խնդիրները լուծվել են, մնացել է 2026 թվականի ընտրությունների նախապատրաստությունը, ինչին էլ լծվել են ՀՀ վարչապետով, ԱԺ նախագահով, մյուսներով հանդերձ:
Politic.am կայքի խմբագիր Բորիս Մուրազիի կարծիքով, եթե Հայաստանի փոխարեն լիներ մեկ այլ պետություն, որի իշխանությունները պոպուլիզմով զբաղվելու փոխարեն զբաղվեին երկրի առանցքային հարցերով, Ալեն Սիմոնյանը վաղուց չէր զբաղեցնի Ազգային ժողովի նախագահի պաշտոնը։ «Եթե մարդը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնելով հանդերձ, չունի այլ զբաղմունք եւ հարցումներ անելով է զբաղվում, պետք է ուղղակի ցավ ապրել Հայաստանի համար։ Սրան այլ գնահատական տալը դժվար է: Պատկերացնո՞ւմ եք՝ այլ լուրջ երկրում Ազգային ժողովի նախագահը նման բաներով զբաղվեր, ես չեմ պատկերացնում: Սա խոսում է մեր երկրի անլրջության մասին: Երկիր, որը պատերազմ է պարտվել, երկիր, որն այսօր կիսապատերազմական վիճակում է, սակայն նույն այդ երկրի ԱԺ նախագահը չգիտես թե ինչերով է զբաղվում: Այլ երկրներում, որտեղ գիտեն պետության եւ պետականության գինը, նման քայլից հետո ԱԺ նախագահը կլքեր իր պաշտոնը, բայց քանի որ Նիկոլ Փաշինյանն էլ նման մոտեցումների կողմնակից է, ոչ ատլետիկ կազմվածքով հեծանիվ է վարում եւ այլն, նորմալ է, որ Ալեն Սիմոնյանն էլ հարցումներ անի»,- ասում է Բորիս Մուրազին:
Իսկ ինչո՞վ է պայմանավորված իշխանությունների ֆոբիան ԶԼՄ-ների հետ կապված: Ինչո՞ւ են ամեն գնով փորձում սահմանափակել, հեղինակազրկել լրատվամիջոցներին, սորտավորել։ «Նրանց հենքը տոտալ սուտն է: Սուտը բացահայտող ցանկացած ռեսուրս այս իշխանության համար մրցակից է: ԶԼՄ-ներն էլ, ինչպես գիտենք, խոսում են ճշմարտության մասին, ինչը ստի վրա հենված իշխանության համար ցավալի է: Ինչ վերաբերում է հարցումներ անելուն, այդ աշխատանքը հաստատ ԱԺ նախագահի պարտականությունների մեջ չի մտնում»,- եզրափակեց Մուրազին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում