Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 13-ին, ժամը 6.30-ին, Երևան-Տիվատ չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել և ձերբակալվել 65-ամյա Նատալյա Տ.-ն: Նա հուլիսի 1-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 207.3-րդ հոդվածի 2-րդ մասի (Ակնհայտ սուտ տեղեկատվության տարածումը) մեղադրանքով: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
Meduza-ի փոխանցմաբ՝ Նատալյա Տ.-ն 65 տարեկան է, ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի է։ Ըստ աղբյուրի քրեական հետապնդման պատճառ է դարձել այն, որ ուսուցչուհին «Բարության դաս» դասաժամի ընթացքում դպրոցականներին պատմել է Բուչայում ռուսական բանակի հանցագործությունների մասին, մի քանի տեսանյութ ցուցադրել ուկրաինական լրատվամիջոցներից և Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա անվանել միջազգային իրավունքի խախտում։ Դասն անցկացվել է 2022 թվականին։
Հայաստանի իրավապահները ռուս ուսուցչուհուն մի քանի ժամ բաժնում պահելուց հետո բաց են թողել՝ Հայաստանից չհեռանալու պահանջով, խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելու մասին ստորագրությունը։ ՆԳՆ-ն փոխանցում է, որ ՌԴ քաղաքացուն հայտնաբերելու մասին հայտնվել է ՌԴ իրավապահներին։