ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի կողմից հնչեցվող սպառնալիքներին՝ նշելով, որ սպառնալիքի լեզուն անընդունելի է։
«Եթե երկրները խաղաղության ցանկություն են հայտնում, չպետք է սպառնալիքի լեզվով խոսեն։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի հետ համագործակցության ձևին, դա կախված է Հայաստանի ղեկավարությունից։ Մենք պատրաստակամություն ենք հայտնել փոխադարձ պայմանավորվածությունների և ընկալումների հիման վրա ցանկացած մակարդակով համագործակցելու Հայաստանի հետ»,- ասել է դեսպանը։
Դեսպանը նաև հավելել է, որ Հայաստանի հետ Իրանի քաղաքականությունը սկզբունքային է։
«Մենք հարգում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը, մենք դեմ ենք միջազգայնորեն ճանաչված սահմանների և աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության։ Այս սկզբունքային մոտեցումը երբեք չի փոխվի` անկախ նրանից, թե ով կգա իշխանության Իրանում ու Հայաստանում։ Հայաստանը մեր համար շատ կարևոր երկիր է և լավ, ազնիվ հարևան»,- ասել է դեսպանը։