ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին Վաշինգտոնում եռակողմ հանդիպում կազմակերպելու համար: Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։
Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի քաղաքական կամքը հնարավորինս շուտ ավարտելու և կնքելու խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ՝ նպատակ ունենալով հաստատել կայուն խաղաղություն և կայունություն Հարավային Կովկասում:
Հիշեցնենք, որ այսօր Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի կազմավորման 75-ամյակին նվիրված գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Կողմերը նշել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից գրանցված առաջընթացը և համաձայնել են շարունակել աշխատանքները։