Search
Close this search box.

ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը խոչընդոտ չէ Վաշինգտոնի հետ ավելի խորը պաշտպանական համագործակցության համար. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

Այցով ՀՀ-ում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի տեղակակլ Ուզրա Զեյան հարցազրույց է տվել «Հետք»-ին։ Ներկայացնում ենք մի հատված հարցազրույցից․

-Հուլիսի 15-ին մեկնարկել են հայ-ամերիկյան երկրորդ զորավարժությունները։ Արդյոք սա նշանակում է, որ ռազմական համագործակցությունը երկու երկրների միջեւ խորանում է։ Հնարավո՞ր է, որ Ֆրանսիայի պես, Միացյալ Նահանգներն աջակցի Հայաստանի պաշտպանական կարողությունների զարգացմանը եւ զինված ուժերի բարեփոխմանը։

«Արծիվ գործընկեր» զորավարժության հետ կապված՝ ուզում եմ ընդգծել, որ այն նախապես պլանավորված զորավարժություն է՝ միտված կանոնավոր ուսուցումների իրականացմանը, պատրաստականության և փոխգործելիության մեծացմանը և խաղաղապահ գործողություններին։ Այս ջանքերն առաջնորդում է ամերիկյան կողմը՝ մեր պաշտպանության դեպարտամենտի միջոցով։ Լինելով պետքարտուղարության ներկայացուցիչ՝ մանրամասնությունների ներկայացումը ես կցանկանայի վերապահել պաշտպանության դեպարտամենտի իմ գործընկերներին։

Սակայն, ես ուզում եմ նշել, որ պաշտպանական և քաղաքացիական անվտանգության ասպարեզներում տեսնում ենք մեր երկարամյա դրական համագործակցության խորացում։ Նշեմ պաշտպանության դեպարտամենտի «Նահանգային գործընկերության» ծրագրի շրջանակում Հայաստանի և Կանզաս նահանգի ազգային գվարդիայի միջև համագործակցությունը։ Իսկ պետքարտուղարության մասով, իմ ղեկավարության ներքո է գործում Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոն, որը Հայաստանի կառավարության և ժողովրդի հիմնական գործընկերն է ոստիկանության կարողությունների զարգացման և ամրապնդման ասպարեզում և աջակցում է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի, իրավունքի գերակայության ապահովման, կոռուպցիայի դեմ պայքարի և թափանցիկության մեծացման հարցերում։ Այս համագործակցության բազմաթիվ դրական արդյունքներից մեկն էլ պարեկային ծառայության ձևավորումն է Հայաստանում։

Ի դեպ, Ներքին գործերի նախարարի հետ առիթ ունեցա լինել պարեկային ծառայության գլխամասային գրասենյակի, օպերատիվ կառավարման կենտրոնի և պարեկային ծառայության Երևանի գնդի նոր մասնաշենքերում, որոնք ներկայացնում են Հայաստանի կառավարության և ԱՄՆ կառավարության ներդրումները մարդակենտրոն և իրավունքների նկատմամբ հարգանք ապահովող ոստիկանական ծառայությունների ապահովման ուղղությամբ, որի արդյունքում ոստիկանությունը ավելի մեծ հանրային վստահություն կունենա և ավելի սերտ կապեր կլինեն իրավապահների և նրանց կողմից սպասարկվող համայնքների միջև։ Կարծում եմ՝ սա նաև ցույց է տալիս, որ ժողովրդավարական բարեփոխումը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի մեծացումը կարող է հանգեցնել առավել ապահով ու անվտանգ միջավայրի ապահովմանը բոլորի համար։

-Կարո՞ղ եք հաստատել այն տեղեկությունը, թե որոշում կա, որ ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի Հայաստանի Պաշտպանության նախարարությունում։

-Լուրը հաստատում եմ։ Դա ողջունելի զարգացում է, կարող եք մանրամասները ճշտել  մեր դեսպանից և լրատվական թիմից։ Մենք ողջունում ենք Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև պաշտպանա-քաղաքացիական և անվտանգային համագործակցության խորացումը։ Սա ևս մատնանշում է հայ-ամերիկյան հարաբերություններում նոր՝ ռազմավարական գործընկերության փուլ թևակոխելու պատմական փաստը։

-Արդյոք Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամակցությունը խոչընդոտ է հայ-ամերիկյան ռազմական համագործակցության խորացման համար։ Կարո՞ղ է անդամակցության դադարեցումը խթանել այդ համագործակցությունը։

-ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հարցը որոշում է բացառապես Հայաստանի կառավարությունը։ Մենք հարգում ենք այդ որոշումը։ Նշեմ, որ մեր համագործակցությունը պաշտպանական և քաղաքացիական անվտանգության հարցերում շարունակում է խորանալ, իսկ Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի անդամ։ Երրորդ և վերջին դիտարկումս․ չկա որևէ փաստարկ, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը նպաստում է Հարավային Կովկասում տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովմանը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։