ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հուլիսի 16-ին անակնկալ այց եմ կատարել ՊՆ լեռնային ուսումնական կենտրոն:
Ողջունել եմ առավոտյան տողանի շարված նորակոչիկներին, որոնք, ուսումնական փուլն ավարտելով, որպես կրտսեր հրամանատարներ մեկնելու են նախորոշված զորամասեր:
Ժամկետային զինծառայողների հետ զրուցել եմ զինվորական ծառայության առանձնահատկությունների, ՊՆ-ում ներդրված մի շարք ծրագրերի և ուսումնական կենտրոնի տեսական ու գործնական դասերի կարևորության մասին: Այնուհետև շրջել եմ ուսումնական կենտրոնում, հետևել շտաբային նոր շենքի շինարարությանը։ Շենքը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև տարեվերջ: Նաև ծանոթացել եմ վրանային ավանի կահավորմանը, թիկունքային ապահովմանը:
Հանձնարարականներ եմ տվել ուսումնական կենտրոնի հրամանատարությանը՝ նորակոչիկների ծառայությունը լիարժեք կազմակերպելու համար:
Ավելի ուշ այցելել եմ հատուկ նշանակության զորամասերից մեկը, շրջել մասնաշենքերում, ծանոթացել ենթակառուցվածքներին, ընթացող շինարարական աշխատանքներին:
Զորամասի հրամանատարը զեկուցել է անձնակազմի համալրվածության, մարտական պատրաստության ծրագրի, անցկացվող բազմաթիվ վարժանքների մասին: Սպայակազմի հետ քննարկել եմ զորանոցների նորոգման, կահավորման, ուսումնական նոր ենթակառույցների ստեղծման, ինչպես նաև ուսումնական արգելագոտիների ստեղծման հարցեր»: