Search
Close this search box.

Հայտնի է, թե ինչու ինքնաթիռները գիշերը չէին կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոցում»

Երեկվա չվերթների ինքնաթիռների՝ ժամանակին վայրէջք չկատարելը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պայմանավորված է եղել եղանակային վատ պայմաններով:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Ղուկասյանը։

Հարցին՝ եղանակային պայմանները երեկ բարենպաստ են եղել, ինչպե՞ս է ստացվել, որ չեն կարողացել վայրէջք կատարել ինքնաթիռները, նա ասաց․

«Թռիչքուղում մի քիչ ուրիշ է լինում։ Եթե քամի, ամպրոպ է լինում, իսկ դրանք թռիչքի համար համապատասխան պայմաններ չեն, ուրեմն արդեն ինչ-ինչ պատճառներով հետաձգվում են թռիչքները»։

Նա ևս մեկ անգամ վստահեցրեց, որ ամպրոպն ու քամին են եղել միակ պատճառը։

«Եթե այլ պատճառ լիներ, կտեղեկացնեինք, զուտ եղանակային պայմաններն են եղել պատճառը։ Բոլոր ինքնաթիռները բարեհաջող արդեն վայրէջք են կատարել, ոչ մի խնդիր չի եղել»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ գիշերը Դոհա-Երևան, Մոսկվա-Երևան, Դուբայ-Երևան, Սոչի-Երևան, Ռիգա-Երևան, Վիեննա-Երևան, Հռոմ-Երևան չվերթների ինքնաթիռները չեն կարողացել ժամանակին վայրէջք կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռը նույնիսկ փոխել էր թռիչքի ուղղությունը և բարեհաջող վայրէջք կատարել Թբիլիսիի օդանավակայանում։

Ավելի ուշ բոլոր չվերթների ինքնաթիռներն էլ բարեհաջող վայրէջք են կատարել «Զվարթնոցում»։