ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամաններ է հայնել Սյունիքի մարզում զորացրված զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենայի վթարի մասին։
Հուլիսի 11-ին, ժամը 11:04-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 300 մ գլորվել հարակից ձորը: Վարորդը և ուղևոր Ա. Մ.-ն (ծնված 2004 թ․) մահացել են. վերջիններիս դիերը փրկարարները մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ Ա. Ա.-ն (ծնված 2004 թ.), Ն. Դ.-ն (ծնված 2004 թ.), Ս. Մ.-ն (ծնված 2004 թ.) և Ռ. Ո.-ն (ծնված 2003 թ․) տեղափոխել են բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, տուժած Հ. Ս.-ին (ծնված 2004 թ.) դուրս բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Նշենք, որ Shamshyan.com-ն ավելի վաղ հայտնել էր, որ վթարի հետևանքով վարորդ Արթուր Մնացականյանն ու նրա ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Արմեն Մամյանը տեղում մահացել են, իսկ մյուս ուղևորներ, Շիրակի մարզի բնակիչ 20-ամյա Ազատ Առաքելյանը, Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Նորայր Դանիելյանը, Շիրակի մարզի բնակիչներ 20-ամյա Ռաֆիկ Ոսկանյանը, 20-ամյա Սամվել Մամիկոնյանն ու Տավուշի մարզի բնակիչ Հայկ Սառիկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Զանգեզուրի կայազորային հոսպիտալ։
Կայքի տեղեկություններով՝ «Mitsubishi»-ն շահագործվում էր՝ որպես տաքսի, մահացածներից մեկն ու մյուս վիրավոր ուղևորները զորացրվել էին ու տուն էին վերադառնում։