Search
Close this search box.

«ՀայաՔվե»-ն հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

Այս հաղորդումը վերաբերում է հունիսի 12-ի դեպքերին, մասնավորապես, ոստիկանության կողմից թույլ տրված օրենքի բազմաթիվ խախտումներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

«Այդ ողբերգական դեպքերից արդեն 2 շաբաթից ավելի ժամանակ է անցել, հարուցված են քրեական գործեր, բազմաթիվ տուժողներ հանցանքի մասին հաղորդումներ են ներկայացրել»,- նշեց նա:

Նա նշեց՝ հանցանքի մասին հաղորդում ներկայացնելու նպատակը հետևյալն է՝ ոստիկանության ղեկավարության կողմից հունիսի 12-ին կանխամտածված սադրանք է տեղի ունեցել։

«Հունիսի 12-ին, մեր տեսանկյունից, տեղի են ունեցել ոչ միայն անջատ դեպքեր՝ հատուկ միջոցների կիրառման կամ ցուցարարների նկատմամբ ոստիկանական բռնության, այլ եղել է ոստիկանության ղեկավարության կողմից կանխամտածված սադրանք՝ խաղաղ հավաքի ընթացքը խաթարելու, անկարգության վերածելու և ճնշելու նպատակով։ Հայաստանում իրավական քաոսի, ամենաթողության պայմաններում շատ մեծ անվստահություն գոյություն ունի՝ արդյո՞ք իրավական ճանապարհով կարելի է ինչ-որ տեղ հասնել։ Մենք համարում ենք, որ իրավական բոլոր ուղիները մինչև վերջ պետք է օգտագործել»,-ընդգծեց Ավետիք Չալաբյանը: