Search
Close this search box.

«Հայաստանն այլընտրանքներ է փնտրում»․ Յուրի Քիմ

ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի առաջին տեղակալ Յուրի Քիմը Վաշինգթոնում՝ Քարնեգի հիմնադրամում, խոսել է Հարավային Կովկասի երկրների նկատմամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի քաղաքականության մասին՝ ասելո,վ որ երեք երկրներն էլ պետք է շատ կարևոր ընտրություն կատարեն։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Turan-ը։

«Մենք ցանկանում ենք լիարժեք հարաբերություններ Ադրբեջանի հետ։ Դա նշանակում է, որ Եվրոպայի հետ Ադրբեջանի էներգետիկ համագործակցության հետ մեկտեղ, ինչպիսին է Հարավային գազային միջանցքը, ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանին նաև այլ ոլորտներում։ Խոսքը, մասնավորապես, մարդու իրավունքների մասին է։ Օրինակ, վերջերս ադրբեջանցի գիտնական Գուբադ Իբադօղլուի՝ բանտից ազատ արձակումը ցույց է տալիս ճիշտ ուղղություն, բայց աշխատանքն ավարտված չէ, քանի որ նա մնում է տնային կալանքի տակ։ Նախագահ Ալիևը հիանալի հնարավորություն ունի՝ նոյեմբերին COP29-ի շրջանակներում ցույց տալու իր երկիրը»,- ասել է Քիմը։

Նա նաև պատմել է այն սպառնալիքների մասին, որոնք Ռուսաստանը ներկայացնում է իր հարևանների նկատմամբ՝ հավելելով, որ Ռուսաստանի յուրաքանչյուր հարևան «պետք է քնի բաց աչքերով»։

«Հայաստանն այլընտրանքներ է փնտրում։ Դա չի նշանակում, որ նրանց հարաբերությունները Ռուսաստանի հետ վատթարանում են։ Մենք շատ ենք ցանկանում հնարավորինս մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանի ջանքերին՝ ուղղված իր հարաբերությունների դիվերսիֆիկացմանը, ամրապնդելու նրա անվտանգությունն ու տնտեսական բարգավաճումը, ինչպես նաև իր հակառակորդի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում»,- ասել է Քիմը։ Նա նշել է, որ մինչդեռ Վաշինգթոնը փորձում է կարգավորել Բաքվի ու Երևանի միջև կապերը՝ խաղաղության համաձայնագրի հասնելու համար, դիտարկվում են նաև «այլ տարրեր», օրինակ՝ USAID-ի օգնությունը: «Ընթացիկ ֆինանսական տարում դա մոտ 77 միլիոն է, որը գրեթե կրկնակի ավելին է, քան ընդամենը երկու տարի առաջ էր։ Այս միջոցները կուղղվեն Հայաստանի դիմակայունությանն այնպիսի խնդիրների համար, ինչպիսիք են կլիմայական և պարենային անվտանգությունը և Հայաստանը մեկուսացումից դուրս բերելը»,- ասել է նա։

Վրաստանի վերաբերյալ Քիմը հիշեցրել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, որը ստիպում է վրացական հասարակական կազմակերպություններին գրանցվել որպես օտարերկրյա գործակալներ, եթե ֆինանսավորման 20%-ից ավելին ստանում են դրսից: «Այն երկրները, որոնք ժողովրդավարական են, ինչպես Վրաստանը, պարտավոր են լսել իրենց ժողովրդին: Այս երկրի ժողովուրդը մշտապես հայտարարել է, որ ցանկանում է լինել Եվրոպայի հետ՝ ոչ միայն տնտեսական ինտեգրման, այլև ինստիտուցիոնալ մշակութային արժեքների առումով։ Օրենքը, որ վրացիները նոր ընդունել են օտարերկրյա գործակալների մասին, ամբողջովին սխալ քայլ է։ Խոսքը օրենքի մասին է, որը կրկնում է այն, ինչ անում է Կրեմլը»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։