ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 26-ից մեկնարկում են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը.
Սիրելի’ մարզիկներ, մարզիչներ,
Փարիզ 2024 –ին դուք եք Հայաստանի դեսպանները օլիմպիական աշխարհում: Ձեզնից ոմանց համար սա առաջին օլիմպիադան է, մյուսներն արդեն այս պատասխանատու մրցումներին հանդես գալու փորձ ունեն: Գիտեմ, սակայն, որ ամեն օլիմպիադա առաջինն է և յուրահատուկ յուրաքանչյուր մարզիկի կյանքում, անգամ՝ բազմափորձ մարզիկների: Ամեն անգամ դրվում են նոր նպատակներ ու նշաձողեր:
Այս անգամ ձեր մրցելույթները հատկապե’ս կարևոր են, քանի որ Հայաստանին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ են հաղթանակներ, անհրաժեշտ է զգալ հաղթանակի բերած ուրախությունը: Դուք կարող եք իրական նվեր պարգևել մեր ժողովրդին, մեր երկրին: Ճանաչելով ձեր մարզական և մարդկային հատկանիշները, ձեր որակները, վստահ եմ, որ ունեք բոլոր հնարավորությունները՝ մեդալներով վերադառնալու:
Իմ խնդրանք – հորդորն է դրսևորել ձեր կարողությունները հարյուր տոկոսով, անմնացորդ, քանի որ այդ դեպքում հաջողությունը երաշխավորված է:
Սիրելի’ մարզիչներ, բազմապատկեք ձեր կամքը, հմտությունը և համբերությունն՝ ի նպաստ մեր մարզիկների լավագույն որակների դրսևորման:
Հաջողություն բոլորիս
Աստված մեզ պահապան: