Search
Close this search box.

Հայաստանը պետք է դառնա նախագահական հանրապետություն. Արշակ Կարապետյան

Եղբայրնե’ր և քույրե’ր, սիրելի’ հայեր,
Շնորհավորում եմ ձեզ այս նշանավոր տոնի՝ Հայաստանի Սահմանադրության օրվա առթիվ: Սա ոչ միայն մեր երկրի քաղաքացիների տոնն է, այլև ողջ աշխարհասփյուռ հայության տոնն է:
Սահմանադրությունը երկրի կյանքի հիմնական օրենքն է, որը մարմնավորում է ժողովրդի բարոյական հիմքերը, կապը դարավոր պատմության հետ, սեփական հողի հանդեպ սերը և հարգանքը նախնիների հանդեպ, Հայաստանի ավանդույթներն ու մշակույթը: Հենց Սահմանադրությունն է, որ որոշում է երկրի զարգացումն այսօր և ապագայում, որոշում է հայ ժողովրդի ապագան։
Այսօր աշխարհը փոխվում է, ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ և սպառնալիքներ։ Եվ դա օրինական կերպով պահանջում է հիմնարար փոփոխություններ կատարել Հիմնական օրենքում, որոնք վերաբերում են ազգային անվտանգության ապահովմանը։ Մեր երկրին դրսից պարտադրված պետական կառավարման առկա համակարգը չդիմացավ ժամանակի փորձությանը և հանգեցրեց մեր պատմական հողերի ժամանակավոր կորստին: Պատմության մեջ առաջին անգամ հայերը լքեցին Արցախը…

Հայաստանը պետք է դառնա նախագահական հանրապետություն։ Սա մեր երկրին բնորոշ կառավարման ձև է, որն առավելագույնս համապատասխանում է հայ ժողովրդի շահերին։ Սահմանադրության փոփոխությունները պետք է ուղղված լինեն ոչ թե պատմական ճշմարտությունից հրաժարվելուն, այլ պետականության և տարածքային ամբողջականության պահպանմանը։ Սա Հայաստանի բնակիչների ճնշող մեծամասնության կարծիքի արտացոլումն է՝ այն մարդկանց, ում համար պետությունը, հայրենիքը, հայրական տունը, ընտանիքը սոսկ խոսքեր չեն, այլ կյանքի իմաստ, նրանց, ովքեր հարգում են իրենց պատմությունը, հպարտանում հայ ժողովրդի սխրանքներով, իրենց նախնիների իմաստնությամբ ու խիզախությամբ, նրանց, ովքեր չեն մոռանում անցյալի դառը հուշերը և սգում են Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, որտեղ էլ որ լինի:

Հատուկ շեշտում եմ՝ ինչպիսին էլ լինի Սահմանադրությունը, այն պետք է հարգել և խստորեն հետևել այնտեղ գրված դրույթներին։ Այս հիմնարար փաստաթղթում փոփոխություններ կարող է կատարել միայն ժողովուրդը համընդհանուր հանրաքվեով։ Հիմնական օրենքի դրույթները խախտելու համար մեղավորներն անխուսափելիորեն կպատժվեն:

Իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում Հայաստանի այն քաղաքացիներին, ովքեր հաստատակամ են հայրենիքի հանդեպ իրենց հավատքի և սիրո մեջ, ովքեր իրենց աշխատանքով հսկայական ներդրում ունեն մեր երկրի զարգացման գործում, քաջաբար, անկախ բոլոր դժվարություններից, կանգնած են մեր հայրենիքի պաշտպանության համար: Հայաստանի բարգավաճումը, առաջին հերթին, կախված է յուրաքանչյուր մարդու իր ոլորտում անձնուրաց աշխատանքից՝ այն կախված է բժիշկներից, ուսուցիչներից, տնտեսության բոլոր ճյուղերի աշխատակիցներից և ինժեներա–գիտական կադրերից, գյուղատնտեսության, կոմունալ ոլորտի աշխատողներից և կառավարչական կադրերից: Մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն, բարեկեցություն և ոգեշնչում ՝ հանուն հետագա ձեռքբերումների:

Մեր Հայրենիքն այսօր ծանր օրեր է ապրում, և մենք պետք է միասնական լինենք մեր պետությունը պահպանելու մեր ձգտումներում, միասնական լինենք հայության ճակատագրի համար պատասխանատվության հարցում: Այսօր մեզանից յուրաքանչյուրից է կախված մեր երկրի գոյությունն ու բարգավաճումը։ Այս տոնական օրը բոլորին մաղթում եմ խաղաղություն և բարեկեցություն:

«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյան