Հայաստանը միանգամայն կարող է տարանցիկ երկիր դառնալ Հնդկաստանը Եվրոպայի և Ռուսաստանի հետ կապելու հարցում, Եվրասիական երկրներից ճանաչողական այցի շրջանակում Նյու Դելի այցելած լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով NEWS.am-ի հարցին, հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը՝ խոսելով Հայաստանի հնարավոր դերի մասին Հնդկաստանը Եվրոպային և Ռուսաստանին կապող տարանցիկ ուղիների զարգացման գործում։
Ջայշանքարի խոսքով՝ առաջիկա 10 տարում առևտրային ու տարանցման միջանցքների թիվը շատանալու է աշխարհում։
«Մենք ունենք Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը, որը ներառում է Չաբահար նավահանգիստը և այլ երկրներ, ունենք Մերձավորարևելյան միջանցքը, բայց կլինեն շատ ավելի մեծ թվով միջանցքներ, քանի որ գոյություն ունեցողները ստեղծվել են 70-80 տարի առաջ: Արտադրությունը, սպառումը և բնական ռեսուրսները փոփոխվում են, և կարծում եմ, որ անհրաժեշտ է ստեղծել նոր միջանցքներ, որոնք նոր հատվածներ կմիացնեն միմյանց: Եթե նայենք, Հայաստանն իր աշխարհագրական դիրքով Եվրոպայի և Հնկաստանի միջև է գտնվում։ Այնպես որ, ես այստեղ հնարավորություններ եմ տեսնում»,- հավելել է Ջայշանքարը:
Հնդկաստանի արտգործնախարարն ընդգծել է՝ երկու երկրները շատ լավ հարաբերություններ ունեն, և կան բազմաթիվ հնարավորություններ երկկողմ համագործակցությունը խորացնելու համար։
«Տարբեր ոլորտներում մեր երկկողմ առևտուրը բարձրացել է, մեր մշակութային համագործակցությունն է ընդլայնվել, քաղաքական համակարգումն է առաջընթաց գրանցել։ Այսպիսով, շատ բան կա, որ մենք կարող ենք անել», — եզրափակել է արտգործնախարարը։
Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների քարտուղար Տ. Կ. Ռամաչանդրանը NEWS.am-ի հարցին ի պատասխան շեշտել է, որ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը շատ կարևոր է Նյու Դելիի համար, քանի որ այն դիտարկում են որպես ոչ միայն Արևմտյան Եվրոպա, Արևելյան Եվրոպա և Կենտրոնական Ասիա, այլև Ռուսաստան տանող այլընտրանքային երթուղի։
«Մենք կարծում ենք, որ այն կզարգանա առաջիկա 5 տարում՝ հաշվի առնելով այն հետագիծը, որը մենք տեսնում ենք վերջին 5 տարվա ընթացքում։ Միջանցքն ունի թվային կապի, ճանապարհային, երկաթուղային ենթակառուցվածքներով ապահովելու բաղադրիչներ, կա նաև առևտրային գործընթացների բաղադրիչ, ինչը նշանակում է մաքսային և ընթացակարգերի ուղղությամբ աշխատանքներ։ Երբ միջանցքը ֆիզիկական իմաստով անցնի ճանապարհների, երկաթուղային և այլ ենթակառուցվածքների արդիականացման փուլը, մաքսային գործընթացները ներդաշնակեցվեն, հետո ապրանքների տեղաշարժը, տեղեկատվություն փոխանակումը և մյուս գործընթացները, այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի փոխադրումներ կատարել միջանցքներով։ Նախնական բոլոր աշխատանքները կատարվում են»,- նշել է պաշտոնյան։