Search
Close this search box.

Հակոբ Արշակյանը մեկնաբանել է Էրդողանի հայտարարությունը

Հայաստանն ունի բավարար կամք խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը` մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը։

Էրդողանը հայտարարել է` Անկարան հուսով է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը շուտ կկնքեն:

«Հայկական կողմը բազմիցս հայտարարել է այդ մասին։ Հայաստանի ժողովուրդը և երկրի իշխանությունները պատրաստ են խաղաղության հաստատմանը»,– ասաց Արշակյանը։

Ինչ վերաբերում է Բաքվից հնչող այն հայտարարություններին, որոնք վերաբերում են ՀՀ Սահմանադրությանը, Արշակյանը դա անվանեց «երկրի ներքին գործը»:

Նա չցանկացավ մեկնաբանել ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությունը` նշելով, որ ՀՀ անվտանգային համակարգին վերաբերող բոլոր հարցերը որոշում են ՀՀ իշխանությունները։

«Այն որոշումները, որոնք մենք կայացնում ենք, բխում են Հայաստանի Հանրապետության անվտանգային շահերից»,– ընդգծեց նա։

Հիշեցնենք` Միխայիլ Գալուզինը երեկ հայտարարել է` ռուսական կողմը չափազանց ափսոսում է, որ Հայաստանը մասնակցել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Նրա խոսքով` խորացնելով համագործակցությունը նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով ռիսկի է դիմում լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում, այդ թվում՝ ի վնաս սեփական երկրի անվտանգություն։