2024 թվականի հուլիսի 19-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ մի խումբ անձինք, հարցեր պարզաբանելու համար, 2024 թվականի հուլիսի 18-ին՝ ժամը 20։10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղից դեպի Ձորաղբյուր տանող ճանապարհին հանդիպել են իրար, վերջիններիս մոտ կարող է զենք լինել։
ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները պարզելու նպատակով Ոստիկանության օպերատիվ խումբը մեկնել է նշված վայր, որտեղ հայտնաբերել են հավաքված բազմաթիվ անձանց, որոնք, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, բարձրաձայն վիճաբանել և հայհոյանքներ են հնչեցրել։
Ոստիկանության ծառայողները, օրենքով սահմանված կարգով ներկայանալով, օրինական պահանջ են ներկայացրել՝ հակահասարակական և հակաբարոյական վարքագիծ չդրսևորելու վերաբերյալ, սակայն նշված անձինք ոչ միայն չեն ենթարկվել նրանց կողմից ներկայացված օրինական պահանջին, այլև սկսել են հայհոյել նաև ոստիկանության ծառայողներին և հարձակվել վերջիններիս վրա՝ հարվածելով և քաշքշելով նրանց։
Արդյունքում՝ ոստիկանները, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով, փորձել են ձերբակալել նրանց, սակայն վերջիններս շարունակել են հարվածել և քաշքշել ոստիկանության ծառայողներին։
Ոստիկաններին հարվածող անձանցից մեկը փորձել է «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով հեռանալ, ինչը ոստիկաններից մեկը փորձել է կանխել, սակայն ավտոմեքենայի վարորդը վարել է ավտոմեքենան՝ քաշելով ոստիկանին։
Վիճաբանության մասնակիցների կողմից հասցված հարվածների արդյունքում մարմնական վնասվածքներ են պատճառվել ոստիկանության ծառայողներին, որոնցից երկուսը տեղափոխվել են հիվանդանոց։
Ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրած անձանցից 6-ը դեպքի վայրից տարվել են ոստիկանության բաժին։ Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, նշված 6 անձինք ձերբակալվել են։
Պարզվել է, որ բացի նշված անձանցից, վիճաբանության ժամանակ այլ անձինք ևս հարվածներ են հասցրել ոստիկանության աշխատակիցներին։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են փայտե մահակներ, դանակներ և արնանման հետքեր, որոնցից վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են մի շարք անձինք, ստուգվել են ձերբակալված անձանց սթափության վիճակը։ Քրեական վարույթով էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, վերջիններիս վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ինչպես նաև՝ համարժեք իրավական գնահատական տալու ուղղությամբ:
Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ: