Search
Close this search box.

«Իրանի մասին ընկալումներում հիմնական սխալներից մեկը»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեզանում Իրանի մասին ընկալումներում հիմնական սխալներից մեկն այն է, որ Իրանը դիտարկվում է որպես պարսիկների պետություն՝ Պարսկաստան։
Այո՛, Իրանը նաև պարսիկների պետությունն է, բայց ոչ միայն պարսիկների, այլ նաև մնացյալ իրանցիների՝ ատրպատականցիների, գիլանցիների, մազանդարանցիների, լուրերի, բախտիարցիների, քրդերի, ղաշղայցիների և այլոց, քանի որ Իրան քաղաքական և քաղաքակրթական հասկացությունը, որը կարելի է կոչել նաև «Իրանի գաղափար» վերէթնիկական է։
Սա դժվար ընկալելի է հատկապես հայերիս համար, քանի որ Հայաստան քաղաքական և քաղաքակրթական հասկացությունը կամ «Հայաստանի գաղափարը» բացառապես հայկական է՝ էթնիկական։
Ըստ այդմ, եթե թեկուզ միայն վերցնենք իրանական պետություններ կերտած արքայատոհմերը, ապա դրանք ունեն տարբեր էթնիկական և ցեղային հիմք՝ մարեր, պարսիկներ, պարթևներ, դեյլամցիներ, թյուրքեր (Ղաջարներ), մազանդարանցիներ և այլք։
Այս առումով, իրանցի լինելը և Իրանի գաղափարին ծառայելը նշանակում է առաջին հերթին լինել հենց իրանցի, այլ ոչ թե պարսիկ, ատրպատականցի, քուրդ, մազանդարանցի կամ մեկ այլ էթնիկական միավորի ներկայացուցիչ։
Շփոթության մեկ այլ աղբյուր է պարսկերենը՝ որպես Իրանի պետական լեզու, սակայն, որքան էլ պարադոքսալ թվա, նոր պարսկերենը՝ որպես քաղաքական և քաղաքակրթական լեզու, իր դիրքերը նվաճել է առանց որևէ պարտադրանքի, մշակութային բնական ճանապարհով, Արաբական խալիֆայության ստեղծումից հետո, երբ Իրանը նվաճված էր, իսկ իրանական միասնական պետություն նույնիսկ գոյություն չուներ, ինչն այս լեզվի ինչ-որ առումով բացառիկ յուրահատկությունն է։
Այս առումով պարսկերենն էլ վերէթնիկական լեզու է, այլ ոչ միայն պարսիկների լեզուն, քանի որ այն իրենցն էին համարում, դիցուք, նույնիսկ Հնդկաստանի մահմեդական տիրակալները, որոնք սերում էին մոնղոլաթյուրքական ծագում ունեցող Լենկ Թեմուրից և կայսրություն էին ստեղծում Իրանի ոչ միայն քաղաքական, այլ նաև քաղաքակրթական սահմաններից դուրս»։