«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հեղափոխության համար մեկ թիրախը, որին 2018 թվականին ուղված էր Նիկոլ Փաշինյանի նետը, կոռուպցիան էր, պետական գնումների ոչ թափանցիկությունը։ Նիկոլ Փաշինյանը, ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ, Ազգային ժողովում եւ բոլոր հնարավոր բարձրախոսների առաջ պահանջում էր թափանցիկություն եւ բողոքում, որ նախկին իշխանությունը կոռուպցիայի բույն է, եւ այն անհապաղ քանդել է պետք։
Բանն այն է, որ ներկայացվում է քաղվածք ՀՀ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունից առ այն, որ միայն մեկ ոլորտում՝ ճանապարհաշինությունում, իշխանությունները 67 միլիարդ են ծախսել բյուջետային գումարներից. մեղմ ասած՝ ծախսել են առանց դրանց հիմնավորող փաստաթղթերը ներկայացնելու, հրապարակելու։
Այս լայնամասշտաբ՝ թվով 362 գործարքներին առաջիկայում կլինի առավել մանրամասն անդրադարձ, միայն փաստենք, որ Հաշվեքննիչ պալատը այսօր այն եզակի կառույցներից է, որ դեռեւս աչք չի փակում Փաշինյանի միահեծան «դեմոկրատական» իշխանության չարաշահումների վրա։
Խնամքով անտեսված փաստաթղթերը հիրավի փլուզում են ժամանակին Փաշինյանի կողմից ներկայացրած հեղափոխական արդյունքները։
«Ժողովուրդ» օրաթերթը որոշ ՔՊ-ականներից փորձեց հարցերի պատասխան ստանալ, թե ինչպես է ստացվել, որ ծախսի չափն արձանագրվել է, բայց փաստաթղթային որեւէ հիմնավորում չկա։
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նշեց, որ սա ամենեւին իր ոլորտը չէ, սակայն պատասխաններ կարող ենք ակնկալել տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի կամ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովներից։
Պատասխաններ, իհարկե, կփորձենք ստանալ, սակայն դրանց արդյունքները խոստումնալից կլինեն, թե ոչ, ասել չենք կարող»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում