«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իշխանության ներկայացուցիչները, որոնք մերժում էին խնամի-ծանոթ-բարեկամ թեզը, տարեցտարի ավելի են արմատավորվում դրա մեջ՝ առավել սոսկալի դրսեւորումներով։
Այս անգամ շարքը համալրում է ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ Լենա Նանուշյանը, օգտվելով իրեն ընձեռնված հնարավորություններից, որդու առողջական վիճակի վերաբերյալ այնպիսի փաստաթղթեր է հավաքել, որոնցով կարողացել է նրան ազատել զինծառայությունից:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել էր առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանից ճշտել ունեցած տեղեկությունները. ստացանք հետեւյալ պատասխանը. «Ես վստահ եմ՝ գիտեք «բժշկական գաղտնիքի մասին» սահմանումը, օրենքի կետը։ Ես իրավահարգ եմ։ Այս հարցը նախարարի կամ նախարարության գործառութային հարց չէ, չեմ կարող մեկնաբանել. ունի առողջական խնդիր կամ չունի՝ համարվում է բժշկական գաղտնիք»:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ ՀՀ պաշտպանության նախարարություն՝ հստակ հարցերով, թե որոնք են փոխնախարար Նանուշյանի որդու՝ Սերգեյ Մխիթարյանի՝ զինվորական ծառայության չանցնելու հիմնական պատճառները, եւ պահանջել էինք տալ հստակ հիմնավորում՝ զինծառայությունից ազատվելու վերաբերյալ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը մերժեց պատասխան պահանջող մեր հարցումը՝ պատասխանները դարձյալ հիմնավորելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջների հղմամբ։
Ստացվում է, որ իշխանությունը ներկայիս պաշտոնյաների համար հնարավորություն է՝ սեփական երեխաների շահերն առաջ տանելու. իսկ երբ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ, ողջ կոկորդով պայքարում էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի եւ էլի մյուս պաշտոնյաների որդիների՝ բանակում չծառայելու մերժելի երեւույթի դեմ, ու այդ ընթացքում որեւէ պաշտոնյա չէր խոսում անձնական տվյալների պաշտպանությունից»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում