Search
Close this search box.

«Ժողովուրդ». Երեկ ուժեղացված հսկողություն էր Սերգեյ Գրիգորյանի` «Ֆազի» հոգեհանգստին. սպшնությունը դեռևս չի բացահայտվել

Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ իրավապահ համակարգին հրահանգված է եղել ուժեղացված հսկողություն սահմանել բոլորին հայտնի՝ Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, որտեղ կայացել է քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» հոգեհանգիստը։

Իրավապահ համակարգը քրեական հետախուզության ողջ կազմով եկեղեցին շրջափակած ու հսկողության տակ է առած եղել։ Այս ամենի պատճառներից մեկն այն է, որ սպանությունից անցել է 3 օր եւ այն բացահայտված չէ։ Armlur.am-ը գրել էր, որ երեկվա դրությամբ, ըստ նախնական վարկածի, Սերգեյ Գրիգորյանին կյանքից զրկել են վարձու մարդասպաններ, որոնք եղել են երկու հոգի։ Նրանք գտնվել են OPEL մակնիշի ավտոմեքենայի մեջ, որը, ինչպես արդեն նշել էինք, գողացված է եղել։ Ի դեպ, հայտնել էինք, որ Սերգեյ Գրիգորյանի գործով 2 տարի առաջ կալանավորվել էր դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։ Բանն այն է, որ 2022 թվականին Կենտրոնի դատարանում միջադեպ էր եղել, ու միջադեպի «հերոսներն» էին կրիմինալ աշխարհում հայտնի Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամ» մականվամբ եւ Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազ» մականվամբ։ Միջադեպը տեղի էր ունեցել Կենտրոն եւ Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում:

«Ֆազի» եւ «Չաղ Ռուստամի» կողմնակիցներն իրար ծեծել էին: Ծեծկռտուքին միջամտել էին ոստիկանության աշխատակիցները, որից հետո «Ֆազը» դիմել էր փախուստի, իսկ «Չաղ Ռուստամը» ավելի ուշ ներկայացել էր ոստիկանություն։

Քրեական գործ հարուցվեց, սակայն Ռուստամին չկալանավորեցին, իսկ Սերգեյ Գրիգորյանը կալանավորվեց. ավելի ուշ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը նրան ազատ արձակեց՝ 2,5 միլիոն գրավի դիմաց: Իրավապահները դատավորի քայլը համարել էին ապօրինի, եւ Ալեքսանյանը կալանավորվել էր։ Ներկայումս դատավորն ազատության մեջ է, սակայն դատարանում քննությունը պաշտոնական լիազորությունների չարաշահման գործով դեռ շարունակվում է։

Հավելենք, որ «Ֆազի» սպանության գործով այս պահին բազմաթիվ վարկածներ են քննվում, այդ թվում՝ «Չաղ Ռուստամի» հետ նրա հարաբերությունները»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում