Search
Close this search box.

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Դեմոյանի մեղադրանքներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը փորձում է հասկանալ` ինչ է կատարվել «Հայկական թատերական ընկերության» գրադարանում, ինչպես է ոչնչացվել այնտեղի արխիվը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` մեկնաբանելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի մեղադրանքներին։

Դեռ նախորդ տարի Դեմոյանը հայտարարել էր, որ «Հայկական թատերական ընկերության» գրադարանի հարուստ արխիվը ոչնչացվել է, իսկ Անդրեասյանը լռության է մատնել այդ փաստը։ Երեկ նա նոր գրառում է արել` նշելով, որ կառավարությունը թող պարզի, թե ինչ հանգամանքներում է ոչնչացվել «Հայ թատերական ընկերության» հարուստ գրադարանն ու լուսանկարչական արխիվը:

«Ես որևէ տեղեկություն չունեմ, կփորձենք հասկանալ, թե ինչ է տեղի ունենում։ Ամեն դեպքում նախարարությունը պատրաստ է օժանդակել գրադարանային ֆոնդերի պահպանման ու զարգացման հարցում օժանդակել։ Չգիտեմ, թե կոնկրետ ինչ միջադեպ է տեղի ունեցել, ինչ կազմակերպության կամ ընկերության կողմից։ Իհարկե, մենք հետամուտ կլինենք, որպեսզի հասկանանք խնդիրը, և եթե նախարարության իրավասության տիրույթում որևէ հարց կա, ապա կկարգավորենք այն»,– նշեց Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ ԱԺ նիստերից մեկի ժամանակ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որը ենթադրում է նոր հնարավորություններ գրադարանների հետագա զարգացման համար:

Անդրեասյանը վստահեցրեց` եթե հարցը գտնվում է նախարարության հսկողության ներքո, ապա իրենք կզբաղվեն դրա կարգավորմամբ։