Search
Close this search box.

Թուրքիան Ղարաբաղում աջակցել է Ադրբեջանին անօդաչու սարքերով, զինամթերքով և ռազմական հրահանգիչներով. Bild

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հուլիսի 28-ին սպառնացել է Իսրայելին ռազմական ներխուժմամբ։ «Ինչպես մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք նրանց հետ»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։ Խոսքը երկու հակամարտությունների մասին է, որոնց Թուրքիան ռազմական միջամտություն է կատարել։

Bild-ի փոխանցմամբ՝ Լեռնային Ղարաբաղի համար պատերազմում Անկարան Ադրբեջանին աջակցել է անօդաչու սարքերով, զինամթերքով և ռազմական հրահանգիչներով։ Լիբիայում թուրք զինվորներն անցել են միջազգայնորեն ճանաչված կառավարության կողմը՝ ընդդեմ գեներալ Հաֆթարի զորքերի։

Թուրքիան ունի մեծ և ժամանակակից սարքավորումներով զինված բանակ, որի թվաքանակը կազմում է ընդամենը 450 հազար ակտիվ զինվոր։ Թուրքական բանակը գործում է հարեւան Իրաքում և Սիրիայում, որտեղ մի քանի ռազմակայաններ ունի։ Մի քանի տասնյակ հազար թուրք զինվորներ նույնպես տեղակայված են Կիպրոսի օկուպացված հյուսիսային հատվածում։

Թուրքիայի փորձագետ Էրեն Գուվերչինը նշում է, որ Էրդողանը դժվար թե կարողանա իրական ռազմական գործողությունների անցնել։

«Էրդողանը միտումնավոր կրակի հետ է խաղում։ Նա մի կողմից ցանկանում է երկրի ներսում ուժեղ մարդու պատկերել, մյուս կողմից՝ որպես այսպես կոչված իսլամական աշխարհի առաջնորդ»,- կարծում է Գուվերչինը։

Ժողովրդավարությունների պաշտպանության ամերիկյան հիմնադրամի ռազմական փորձագետ Սեթ Ֆրանցմանը կարծում է, որ Էրդողանն օգտագործում է իր սպառնալիքները ներքաղաքական նպատակներով՝ մկանները ճկելու համար։

«Սակայն ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան չպետք է սպառնա Իսրայելին ռազմական գործողություններով՝ նույնիսկ եթե դա պարծենալու հարց է։ Ուղղակի ռազմական էսկալացիան քիչ հավանական է. արևմտյան երկրները կհամոզեն Անկարային չձեռնարկել Իսրայելի դեմ ռազմական գործողություններ: Սակայն, հաշվի առնելով Թուրքիայի պատրաստակամությունը՝ ընդլայնելու իր ռազմական նվաճումները Աֆրիկայում և Մերձավոր Արևելքի որոշ հատվածներում, նրա սպառնալիքներին միշտ պետք է լուրջ վերաբերվել», — ասել է Ֆրանցմանը: