«Հետք»-ը գրում է. «Թուրքական ավիացիոն իշխանությունները շարունակում են կամայականությունները՝ խոչընդոտելով Հայաստանին առնչվող թռիչքներն ու օդանավերի ազատ տեղաշարժը: Նախկինում էլ մի քանի անգամ անդրադարձել ենք Թուրքիայի կողմից ստեղծվող արհեստական խոչընդոտներին: Մասնավորապես՝ 2020 թ. սեպտեմբերի 9-ից Թուրքիան արգելում է ՀՀ գրանցում ունեցող (Հայաստանի EK ազգային նիշը կրող) օդանավերի տարանցիկ (տրանզիտ) թռիչքներն իր երկնքով, փոխարենը չի խոչընդոտում, որ այդ նույն օդանավերը վայրէջք կատարեն իր տարածքում:
2020-ի հուլիսից մինչեւ 2022-ի մարտ Թուրքիայի օդով տարանցիկ թռիչքներ չէր կարողանում իրականացնել նաեւ ՀՀ կառավարական ինքնաթիռը: Վարչապետին, նախագահին ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների սպասարկող այս օդանավի առաջ թուրքական երկինքը կրկին փակվեց 2023 թ. մայիսին՝ այն բանից հետո, երբ Երեւանում բացվեց «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանը: Դրա հետեւանքով Նիկոլ Փաշինյանը 2 անգամ Եվրոպա թռավ՝ շրջանցելով թուրքական օդը: Այդ ընթացքում նա հայտարարեց, որ «Նեմեսիսի» հուշարձանը տեղադրվել է ոչ թե ՀՀ կառավարության, այլ Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ, սակայն ինքն այդ որոշումն ու դրա իրականացումը սխալ է համարում: 2023-ի մայիսի 28-ին էլ Փաշինյանը շնորհավորեց Էրդողանին նախագահ վերընտրվելու առիթով: Այդքանից հետո՝ մայիսի 31-ին, նա կարողացավ Մոլդովա մեկնել Թուրքիայի երկնքով: Այսինքն, արգելքը ՀՀ պետական ինքնաթիռի համար հանվեց:
Չնայած կառավարական բորտը ներկայում խնդիրների չի բախվում Թուրքիայի տարածք մտնելիս, ամեն ինչ հարաբերական է, քանի որ այդ երկիրը ցանկացած պահի, պայմանավորված քաղաքական եւ տնտեսական շահերով, կամայական խոչընդոտներ է ստեղծում Հայաստանին առնչվող թռիչքների համար: Ընդ որում՝ դա արգելվում է Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայով, ըստ որի՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) յուրաքանչյուր անդամ-պետություն չի կարող կիրառել խտրական մոտեցում իր օդային տարածքի օգտագործման նկատմամբ: Այսինքն՝ եթե ինչ-ինչ պատճառով կիրառվում է օդային տարածքի օգտագործման սահմանափակում կամ արգելք, ապա այն պետք է կիրառվի բոլոր այլ պետությունների օդանավերի նկատմամբ՝ անկախ դրանց ազգային պատկանելությունից:
Այնինչ Թուրքիան կոնկրետ թիրախավորում է հայկական գրանցում ունեցող եւ հայկական ավիաընկերությունների համար աշխատող ինքնաթիռները: Առիթ ունեցել ենք գրելու, որ մեր արեւմտյան հարեւանը խոչընդոտել է նաեւ այլ երկրներում գրանցված, բայց վարձակալության հիմունքներով հայկական ավիաընկերության համար աշխատող օդանավերի տարանցիկ թռիչքները իր երկնքով: Դրա ականատես ենք եղել թե՛ 2022, թե՛ 2023 թթ.:
Համաձայն միջազգայնորեն ընդունված ընթացակարգերի՝ օդային տարածքի օգտագործման արգելքների կամ սահմանափակումների մասին ինֆորմացիան հրապարակվում է տվյալ պետության (այս դեպքում՝ Թուրքիայի) աերոնավիգացիոն տեղեկատվական փաթեթի միջոցով, բայց Թուրքիան նման տեղեկատվություն (NOTAM) չի հրապարակում, քանի որ, ինչպես ասվեց, չի կարող խտրական վերաբերմունք դրսեւորել կոնկրետ պետության օդանավերի նկատմամբ: Այդուհանդերձ, փաստացի հենց դա է տեղի ունենում արդեն 4 տարի:
Հերթական ապացույցը երեկ տեղի ունեցածն է:
Բելգիայի Լիեժ քաղաքից Երեւան թռչող եթովպական «Ethiopian Airlines» ավիաընկերության «Boeing 777F» բեռնատար ինքնաթիռը (եթովպական գրանցումը՝ ET-APU), տարանցելով Գերմանիայի, Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի օդային տարածքները, մտել է Բուլղարիայի երկինք, որտեղից պետք է անցներ Թուրքիայի օդային տարածք, ապա ժամաներ Երեւան (թռիչքի համարը՝ ET 3584): Թռիչքներին առցանց հետեւող կայքերում, սակայն, կարելի է տեսնել, որ Բուլղարիայի երկնքում ինքնաթիռը մի քանի շրջապտույտ է կատարել ու, թուրքական կողմից մուտքի թույլտվություն չստանալով, շրջվել է հետ՝ դեպի Վիեննա, որտեղ միջանկյալ վայրէջք է կատարել, ապա վերադարձել է Լիեժ:
Նկատենք, որ թռիչքից առաջ կազմվում է պլան (flight plan), որի շրջանակներում ձեռք են բերվում թույլտվություններ բոլոր այն երկրների ավիացիոն իշխանություններից, որոնց երկնքով անցնելու է օդանավը: Այսինքն՝ եթովպական բեռնատար ինքնաթիռը Թուրքիայի օդով դեպի Հայաստան ուղեւորվելիս նախապես ունեցել է թուրքական ավիացիոն իշխանությունների համաձայնությունը, բայց, ինչպես տեսնում ենք, վերջին պահին թուրքերը հերթական կամայակությունն են դրսեւորել, ինչի հետեւանքով ինքնաթիռը չի կարողացել ժամանել Երեւան:
«Հետքը» ՀՀ քաղավիացիայի կոմիտեից տեղեկացավ, որ եթովպական բեռնափոխադրողն ունեցել է բոլոր անհրաժեշտ թույլտվությունները, սակայն Թուրքիան վերջին պահին արգելել է մտնել իր երկինք: Այլ մանրամասներ ՔԱԿ-ից չփոխանցեցին:
Մեզ հետ զրույցում որոշ մանրամասներ հայտնեց հայկական «Հայվեյզ» բեռնափոխադրող ավիաընկերության տնօրեն Օվսաննա Ստեփանյանը: Նրա տեղեկացմամբ՝ եթովպական օդանավը գլխավորապես բեռնված էր օնլայն առեւտրի միջոցով գնված սպառողական ապրանքներով, որոնք պատվիրել էին Հայաստանի ու Վրաստանի գնորդները: Եթովպական բորտը պետք է բեռը տեղափոխեր Երեւան ու վերադառնար, իսկ բեռի՝ Վրաստանի համար նախատեսված մասը պետք է «Հայվեյզի» «Boeing 737-400» ինքնաթիռը (ՀՀ գրանցումը՝ EK-HAY) տեղափոխեր Թբիլիսի:
Ստացվում է՝ հուլիսի 9-ին թուրքերը խոչընդոտել են ոչ թե ՀՀ գրանցում ունեցող քաղաքացիական կամ պետական օդանավի կամ էլ հայկական որեւէ ավիաընկերության համար վարձակալական հիմունքներով շահագործվող ու երրորդ պետության տարածքում գրանցված օդանավի մուտքը իրենց երկինք, այլ մի ինքնաթիռի, որն ուղղակի Եվրոպայից բեռ էր տեղափոխում Հայաստանի ու Վրաստանի շուկաների համար»:
Ավելի մանրամասն` սկզբնաղբյուր կայքում։