Կայացվել է նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի դատավճիռը, որով նա ճանաչվել է մեղավոր, բայց ազատվել պատժից, քանի որ անցել է վաղեմության ժամկետը:
Այդօրինակ հերթական դատավճիռը վերստին սրել է «նախկինների պատժի» թեման:
Այս առնչությամբ համարձակվեմ արտահայտել կարծիք, որը մեծ հավանականությամբ խիստ ոչ պոպուլյար է: Բայց, համարում եմ դա կարեւոր, իսկ կարծիքներս էլ երբեք չեմ ձեւավորել հավանումների հնարավոր վիճակագրության «շահից» ելնելով, բարեբախտաբար, թե դժբախտաբար:
«Նախկինների պատժի» թեման ինքը գործնականում պատիժ է Հայաստանի հանրության համար, որը «ստոկհոլմյան սինդրոմով» դարձել է այդ «օրակարգի» պատանդը:
Մի քիչ գնամ ավելի հետ՝ կարծիքիս ոչ պոպուլյարությամբ: Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ ինքս 2018-ի իրադարձությունները դիտարկել ու գնահատել եմ որպես կարեւոր հնարավորություն: Եվ հենց այդ տրամաբանությունից ելնելով, արդեն ամիսներ անց, երբ Հայաստանում այդ իրադարձությունները աստիճանաբար հանգել են ընդամենը «թավիշով, թե առանց թավիշ» իբր քննարկումների կամ օրակարգի, պարբերաբար ասել եմ, որ այդ հարցը դարձնելով հետտասնության ժամանակաշրջանի գերակա հարց, մսխելու ենք Հայաստանի ընթացքը փոխելու, Հայաստանի ու Արցախի համար կարեւոր խնդիրներ լուծելու, գոյություն ունեցող ռիսկերը չեզոքացնելու հնարավորությունը:
Բայց, դա չաափազանց «գայթակղիչ» թեմա էր, ու՝ առ այսօր:
Մենք, որպես հանրություն, որպես պետություն, 2018-ից հետո չեն կարողացել ճշգրիտ եւ համարժեք լինել առաջնահերթությունների ու ռազմավարությունների սահմանման հարցում: Իսկ համարժեքությունը պահանջում էր քաշել գիծ՝ էմոցիաների եւ մանիպուլյացիաների մի կողմից, եւ պետական մտածողության ու ռազմավարության միջեւ մյուս կողմից: Այո, Հայաստանը ավելի քան երկու տասնամյակ կառավարել է համակարգ, որը մսխել, յուրացրել է ամեն ինչ՝ արժեքներից ու առաքինություններից, մինչեւ նյութական ու ֆինանսական արժեքներ, հնարավորություններ, հասունացնելով ի վերջո հանրային այն մեծ դժգոհությունը, որը օգտագործվեց 2018-ին:
Եվ այդ հանգամանքը մարդկանց մոտ իհարկե առաջացրել է պատժի էմոցիոնալ տենչը, ու դա օբյեկտիվ է: Դրան զուգահեռ, սակայն, ժամանակը, մարտահրավերները նույնքան եւ առավել խիստ օբյեկտիվ անհրաժեշտություն էին դարձրել էմոցիոնալ խթանները ռացիոնալ մոտիվներով փոխարինելու հանգամանքը, որը պետք է լիներ պետական մտածողությամբ էլիտաների արժանիքը, առաքինությունը, առաքելությունը, պարտականությունը:
Դրա փոխարեն, էլիտաները ընտրեցին այլ բան՝ հանրության էմոցիոնալ խթանների անխնա շահագործում: Ու դա շարունակվում է առ այսօր, վկայելով շարունակվող անհամարժեքությունը:
Պետական շահը, պետական ռազմավարությունը պահանջում էր «քաշել գիծն» ու գտնել խաղի նոր կանոններով պայմանավորվածությունների բանաձեւը: Բայց դա հետաքրքրում էր քչերին: Պետք է նկատել, որ կային մարդիկ, նաեւ քաղաքական դերակատարներ, որոնց հետաքրքրում էր դա, որոնք նույնիսկ փորձել են անել այդ ուղղությամբ գործնական քայլեր: Բայց դա եղել է ըստ էության «սպիտակագռավություն»:
Ինքս էլ փորձել եմ մատնանշածս խնդրի հարցում ունենալ իմ համեստ օգտակարությունը՝ արտահայտած կարծիքներովս: Բերեմ մի օրինակ: Երբ, Սահմանադրական դատարանի նոր դատավորներ էին ընտրվում եւ մամուլում տարբեր լուրեր էին, թե այս մեկը սրանով կապված է այս նախկինի հետ, մյուսը այն նախկինի հետ, եւ այլն, ինքս հոդված էի գրում, նշելով, որ՝ Հայաստանի ու Արցախի շուրջ գոյություն ունեցող ռիսկերն ու մարտահրավերները պահանջում են ներքին էլիտաների համակեցության ռեժիմ, ու, եթե դա կարող է արտահայտվել օրինակ Սահմանադրական դատարանի կազմի տեսքով, ապա նույնիսկ այդ տարբերակը կարող է լինել դրական ու կառուցողական:
Բայց, «նախկինի պատժի» էմոցիոնալ տենչով, ժամանակակից մարտահրավերների միջավայրում դանդաղ ձեւավորվում էր հանրության ու պետությանը սպառնացող պատժի «ռացիոնալ» միջավայրը:
Այդ միջավայրը ցավոք սրտի չի փոխվելու, եթե չի փոխվում էմոցիոնալը շահագործելու քաղաքական մեթոդաբանությունն ու տեղը չի զիջում ռացիոնալ ստեղծարարության ռեժիմին:
Գուցե կասվի, թե քաղաքականությունն ամենուր էլ էմոցիոնալի շահագործումն է: Վիճելն ըստ էության անիմաստ է: Մոտեցման հարց է, որը պայմանավորում է տվյալ մոտեցման կրող էլիտաների ու նրանց առաջնորդած հանրությունների ու պետությունների ճակատագիրը։
Վերլուծաբան Հակոբ Բադալյան