Search
Close this search box.

Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունն անհնար է ձեռք բերել էթնիկ զտումների գնով. ամերիկացի փորձագետ

Մեկ տարի էլ չի անցել, ինչ ադրբեջանական զորքերը մտել են Լեռնային Ղարաբաղ՝ հնագույն հայկական շրջան, որը Իոսիֆ Ստալինը հանձնել է Ադրբեջանին։ Լեռնային Ղարաբաղը պատմական նշանակություն ունի երկու պատճառով. նախ՝ այն Հայաստանի ավանդական կենտրոնն է, աշխարհում առաջին երկիրը, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պաշտոնական կրոն։ Դրա մասին Washington Examiner-ում գրել է ամերիկացի քաղաքական վերլուծաբան Մայքլ Ռուբինը։

«Երկրորդ, սա ժողովրդավարության պատվարն է։ Իսկապես, ժողովրդավարական շարժումը, որը եռման կետինհասավ և արդյունքում վճռորոշ դարձավ ԽՍՀՄ փլուզման համար, սկսվեց Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտից:

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո շրջանի հայ բնակիչները պաշտպանեցին ինքնավարության իրենց սահմանադրական իրավունքը՝ նախ խնդրագրի, ապա հանրաքվեի միջոցով։ Ադրբեջանը մերժեց այս տարածաշրջանային ինքնավարությունը, որն անհաջող փորձեց ճնշել բիրտ ուժով։ Ադրբեջանական բանակը հետ մղելուց հետո Լեռնային Ղարաբաղը վայելում էր գրեթե երեք տասնամյակ իրական խորհրդարանական ժողովրդավարություն մի տարածաշրջանում, որտեղ ժողովրդավարությունը, առնվազն մինչև 2018 թվականը, բացակայում էր կամ վաղանցիկ մի բան էր:

Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարումն ավարտվեց 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ ադրբեջանական զորքերը մտան տարածաշրջան՝ ոչնչացնելով աշխարհի հնագույն քրիստոնեական համայնքներից մեկը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ տեղի խորհրդարանը պայթեցնելու որոշումն ընդգծեց ժողովրդավարության նկատմամբ նրա թշնամական վերաբերմուքը։ Ադրբեջանական ներխուժումը տևեց ընդամենը չորս օր, երբ Պետքարտուղարության բյուրոկրատ Յուրի Քիմը սենատորներին հավաստիացրեց, թե Միացյալ Նահանգները չեն հանդուրժի Լեռնային Ղարաբաղից հայերին «էթնիկական զտման» որևէ փորձ, սակայն Քիմը ստում էր:

Իրավապաշտպան Freedom House միջազգային կազմակերպությունն այս շաբաթ հայտնել է, որ Ադրբեջանի «փաստաթղթավորված գործողությունները համապատասխանում են էթնիկ զտումների չափանիշներին, ինչպես հասկացվում է նախկին Հարավսլավիայի հակամարտության համատեքստում»:

Այդ դեպքում ինչո՞ւ են Բլինքենը, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը և ԱՄՆ ՄԶԳ-ի ղեկավար Սամանթա Փաուերը ցեղասպանության հարցում երկիմաստորեն վերաբերվում:

Կասկած չկա. Ադրբեջանին հանգստացնելու ԱՄՆ որոշումը վերևից է գալիս։

Մայիսի 4-ին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին հայտարարեց, թե իմաստ չի տեսնում գնալ պատմական հայկական Շուշի։ Բայց երկու օր անց նա ոչ միայն այցելեց Շուշի, այլև էթնիկ զտումների, եկեղեցիների ու քրիստոնեական հուշարձանների ոչնչացման մասին որևէ հիշատակում չարեց և ասաց, թե տպավորված է։

Եվ միայն Պետքարտուղարությունը չէ, որ հարգան է դրսևորում Ալիևի հանդեպ։ Հունիսի 26-ին ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը շնորհավորեց ադրբեջանական բանակին` կրկին չնշելով շրջանառվող տեսանյութերի մասին, որտեղ պատկերված են գերեվարված հայ զինվորների և խաղաղ բնակիչների բռնաբարությունները, անդամահատումներն ու զանգվածային մահապատիժները:

Ըստ ամենայնի, նախագահ Ջո Բայդենի թիմը համարում է, որ եթե ԱՄՆ-ը կարողանա խաղաղ հայ-ադրբեջանական հակամարտության մեկընդմիշտ լուծման հարցում համաձայնության հասնել, ուրեմն ինչ-ինչ գին պիտի վճարվի հանուն դրա: Բլինքենը, Փաուերն ու Սալիվանը կարող են նույնիսկ հավատալ, թե կկարողանան համոզել Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին բանակցել խաղաղ համաձայնագրի շուրջ հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ:

Բոլոր երեք պաշտոնյաների աշխատանքի հեռանկարները կապված են Բայդենի քաղաքական երկարակեցության հետ, և նրանք հույս ունեն, որ խաղաղ համաձայնագիրը Բայդենի պիտանիության մասին խոսակցությունը կարող է փոխել:

Սակայն Ալիևը կվարանի և, նախքան որևէ տևական խաղաղության համաձայնություն ձեռք բերելը կսպասի ԱՄՆ ընտրություններին։

Ընդսմին, Բլինքենի, Փաուերի և Սալիվանի հավակնությունները ավելի քիչ հավանական դարձրեցին որևէ խաղաղություն, քանի որ նրանք կորցրեցին բարոյական առավելությունը՝ հանուն ստորագրման անիմաստ արարողության՝ անտեսելով էթնիկ զտումները:

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը վեհ նպատակ է, բայց դրա գինը չի կարող լինել էթնիկ զտումը։ Այն, ինչ տեղի է ունենում, ամենայն հավանականությամբ կսրի մարդասիրական ողբերգությունը, որի գինը նոր սերունդն արյամբ կհատուցի»: