Search
Close this search box.

Երևանի ու Բաքվի միջև համաձայնությունը հնարավոր է, բայց կողմերը պետք է ծանր փոխզիջումների գնան. ԱՄՆ պետքարտուղարություն

Միացյալ Նահանգները հայտարարեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցություններում զգալի առաջընթացի մասին։ Այս մասին երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլլերը՝ հավելելով, որ Վաշինգտոնը շարունակում է կողմերին կոչ անել խաղաղության համաձայնագիր կնքել։

«Երկու երկրների միջև խաղաղության համաձայնագիրը մեծ նշանակություն կունենա նրանց, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության համար։ Մենք կարծում ենք, որ համաձայնության հասնելը հնարավոր է, բայց դա պահանջում է երկու կողմերից բարդ որոշումներ և լուրջ փոխզիջումներ ընդունել»,- ասել է Միլլերը:

Նա նաև նշել է, որ Վաշինգտոնում վերջին բանակցությունների ընթացքում կողմերը առաջընթաց են գրանցել, սակայն Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հրաժարվել է մանրամասներ հաղորդել։

Նրա խոսքով, Վաշինգտոնը կշարունակի նպաստել վերջնական համաձայնության հասնելուն եւ տարաձայնությունների լուծմանը։

«Դեռևս համաձայնություն ձեռք չի բերվել, և մենք չենք պատրաստվում կանգ առնել այնքան ժամանակ, քանի դեռ այն չկա», — եզրափակել է Միլլերը: