Դեմիրճյան փողոցում զորք կա և դա արդարացված է` հաշվի առնելով այն բոլոր խուլիգանական գործողությունները, որ կատարվում են այդ փոքրիկ խմբի կողմից։ Այս մասին ԱԺ-ում խորհրդի նիստից հետո լրագրողներին ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Ես փողոցում քայլում եմ մենակ, ի տարբերություն ընդդիմադիր առաջնորդների, նույն Շարժման առաջնորդի, թիկնապահներ չունեմ, քայլում եմ մենակ։ Ինչ վերաբերում է պետական պահպանության տակ գտնվող շենքերի, դրանք համապատասխան կարգով պահպանվում են։ Ինչ վերաբերում է վախերին գնացեք այդ մարդուն հարցրեք՝ ինքն է թիկնապահներով քայլում»,- ասաց նա։
Ճշտող հարցին՝ ե՞րբ է վերջին անգամ միայնակ քայլել պատասխանեց՝ շաբաթ օրը՝ գինու փառատոնին, ամեն օր էլ քայլում է։
Իսկ թե քաղաքացիներն ինչ են ասում իրեն, նա պատասխանեց․ «Տարբեր բաներ, այս օրերին ամենաշատն ասում են, ե՞րբ եք էդ մարդկանց հավաքելու փողոցից, մենք էլ բացատրում ենք, որ քաղաքացիներն են իրենց իարվունքներն ունեն»։
Հարցին՝ Ձեր բարեկամներից միտինգին մասնակցո՞ւմ են, քանի որ ընդդիմադիրներն ասում են՝ ՔՊ-ականների բազմաթիվ բարեկամներ մասնակցում են ցույցերին, նա ասաց․ «Եթե փողոցում գտնվող այդ 400 հոգու մեջ ՔՊ-ի բարեկամներն ու հարազատներն են, էս երկրում էլ ընդդիմադիր մարդ չկա՞, եթե էդ եղածն էլ պարզվի մեր բարեկամներն են, կներեք էլի՞, լուրջ չէ։ Ասում էին՝ 4-5 ՔՊ-ական պատգամավոր է իրենց միացել, ո՞ւր են այդ պատգամավորները, թե էլի կուտ էին տալիս»։
Պատգամավորը հայտարարեց, թե համազգային էին համարում շարժումը ու դրա կուլմինացիան պիտի լիներ հայտարարության նախագիծը, նույնիսկ 36 ստորագրություն չկարողացան հավաքել, որ իմպիչմենտի գործընթաց սկսեն։ «Բա ինչի՞ չեն սկսում իմպիչմենտ, եթե գնդակը մեր դաշտում է թող մեզ վրա հույս չդնեն։ Ես իրենց շանս եմ տալիս դարձի գալու, թող գնան մոմ վառեն ու ապաշխարեն, ես էլ իրենց եմ այդ շանսը տալիս։ Իրենք չունեն 36 ստորագրություն, եթե ուղերձ են հղում, այդ ուղերձը միլիոն անգամ հղում են»,- նշեց նա։