ԵՄ խորհուրդը երկուշաբթի՝ հուլիսի 22-ին, որոշում է կայացրել 10 միլիոն եվրոյի չափով օգնություն տրամադրել Հայաստանի զինված ուժերին, հայտնում է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայությունը։
Աջակցություն կտրամադրվի Խաղաղության եվրոպական հիմնադրամի (ԵՀՀ) շրջանակներում։ Սա Հայաստանի համար առաջին նման որոշումն է։
Նպատակն է հզորացնել Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական ներուժը և նպաստել ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության բարելավմանը։
Աջակցությունը նաև նպատակ ունի բարձրացնել Հայաստանի ճկունությունը և արագացնել նրա զինված ուժերի փոխգործունակությունը՝ միջազգային ռազմական առաքելություններին և գործողություններին երկրի հնարավոր ապագա մասնակցության դեպքում, այդ թվում՝ ԵՄ-ի կողմից: Ձեռնարկված միջոցառումը հնարավորություն կտա գումարտակի չափով ստորաբաժանման համար ապահովել լիարժեք տեղակայված վրանային ճամբար։
«Անվտանգությունը գնալով դառնում է Հայաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունների կարևոր տարրը։ Խաղաղության եվրոպական հիմնադրամի այս միջոցառումն էլ ավելի կնպաստի երկրի կայունությանը: Մենք փոխադարձ շահագրգռվածություն ունենք արտաքին և անվտանգության քաղաքականության վերաբերյալ մեր երկխոսության հետագա ընդլայնման, ինչպես նաև ԵՄ-ի գլխավորած առաքելություններին և գործողություններին Հայաստանի ապագա մասնակցության հարցում», — ասել է Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Այսօր ընդունված աջակցությունը կտրամադրվի Հայաստանի հետ ԵՄ գործընկերության շրջանակներում, որը հիմնված է ընդհանուր արժեքների վրա և նպատակ ունի խթանել խաղաղությունը, կայունությունը և բարգավաճումը Հայաստանում և Հարավային Կովկասում։ ԵՄ-ն հավատարիմ է Հայաստանի հետ իր համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերության ամրապնդմանը` հիմնված ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վրա և էլ ավելի ամրապնդելու մեր հարաբերություններն իր բոլոր հարթություններում: Սա ներառում է երկխոսության և համագործակցության ակտիվացում արտաքին և անվտանգության քաղաքականության, այդ թվում նաև անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության (ՔՀԶԾ) ոլորտում»,- ասված է հայտարարության մեջ։