Search
Close this search box.

Եթե Ադրբեջանը փորձի ռազմական ագրեսիա իրականացնել ՀՀ-ի դեմ, արդյոք Իրանը կմիջամտի՞, թե՞ ոչ. Իրանի դեսպան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի։ Իրանն ուզում է, որ բոլորը հարգեն միմյանց տարածքային ամբողջականությունը։ Եվ կանխարգելումը շատ ավելի լավ է, քան բուժումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով հարցին, թե եթե Ադրբեջանը փորձի ռազմական ագրեսիա իրականացնել Հայաստանի դեմ, արդյոք Իրանը կմիջամտի՞, թե՞ ոչ։

«Մենք առաջին հերթին ամեն ինչ կանենք, որ տարածաշրջանում պատերազմ չլինի։ Մենք ուզում ենք, որ բոլորը հարգեն միմյանց տարածքային ամբողջականությունը։ Եվ կանխարգելումը շատ ավելի լավ է, քան բուժումը։ Մեր ամենամեծ ջանքն է, որ պատերազմ չլինի տարածաշրջանում։ Միջագզային հանրությունն էլ է ուզում դա։ Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչվել է միջազգային հանրության կողմից և իր սահմանները հստակ են։ Եվ պատերազմի նպատակ էլ չունի։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանն ուզում է պահպանել խաղաղությունը և կայունությունը։ Այդ ցանկությունը, խաղաղության և սահմանների հստակեցումը ցույց են տաիս, որ կողմերը չեն ուզում գնալ դեպի պատերազմ։ Եվ, ի վերջո, որևէ արդարացում չկա պատերազմի համար։ Որևէ հող Ադրբեջանից չի գտնվում Հայաստանի հսկողության ներքո, որ դրա համար ուզենան հարձակվել Հայաստանի վրա, ես կարծում եմ որ դա հաշվի կառնի նաև Ադրբեջանի կառավարությունը, որ պատերազմի համար չկա արդարացում։ Այն վարկածը, որ դուք ներկայացրեցիք, եթե դա տեղի ունենա, բնականաբար, միջազգային հանրությունը բացասական կվերաբերվի դրան։

«Ճի՞շտ հասկացա, որ Դուք ասում եք, որ Ադրբեջանը ռազմական ագրեսիա չի իրականացնի։ Այդ համոզունքը Ձեզ որտեղի՞ց։ Դուք ասում եք, որ դա վարկած է, բայց Հայաստանի ԱԳՆ վերջերս չբացառեց, որ նոյեմբերին Բաքվում կայանալիք COP 29-ից հետո Բաքուն դիմի ռազմական ագրեսիայի։ Եվ ուզում եմ նշել, որ հենց այս պահին էլ Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանից տարածքներ և՛ Սյունիքում, և՛ Սոթքում, և՛ Ջերմուկում» հարցին ի պատասխան Իրանի դեսպանը նշեց, որ այստեղ երկու հարց պետք է հաշվի առնել, այդ տեղային բախումները կամ հրադադարի խախտումները և մյուսը, պատերազմը, դրանք տարբերվում են իրարից։ «Այն, որ Հայաստանի տարածքների մի մասը գտնվում է Ադրբեջանի հսկողության տակ, բնականաբար, բանակցությունների և սահմանների հստակեցման շրջանակներում պետք է կարգավորվի։ Երբ միջազգային սահմանների համաձայն պարզվեց, որ Ադրբեջանի տարածքների մի մասը գտնվում է Հայաստանի տարածքում, և այս հատվածը սահմանագծվեց, այդ տարածքները վերադարձվեցին։

Ճշտող հարցին. «Ի՞նչ նկատի ունեք, որ 4 գյուղերի տարածքները տրվեցի՞ն Ադրբեջանին» հարցին Մեհդի Սոբհանին պատասխանել է. «Այո՛, և երբ այդ միջազգային գծերը հստակեցվեն, բնականաբար, պարզ կլինի, թե որ մասը որ երկրին է պատկանում։ Մենք լավ հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, և օգտագործում ենք այդ լավ հարաբերությունները ու ջանք ենք գործադրում, որ, ինչպես Դուք ասացիք, նոր պատերազմ չլինի։ Դիվանագիտությունը հարցերի լուծման ամենալավ տարբերակն է։ Ինչո՞ւ սպասենք, որ պատերազմ տեղի ունենա, հետո դիվանագիտությունը գործի։ Մենք պատրաստ ենք մեր ամբողջ պոտենցիալը օգտագործել, որ հարցերը լուծվեն խաղաղության միջոցով։ Մենք դա ասում ենք որպես մի երկիր, որը կարող է տուժել անկայունությունից և կարող է շահել կայունությունից։

«Եթե Բաքվի կողմից տեսնենք ռազմական ագրեսիա, Իրանի կողմից կտեսնե՞նք քայլեր» հարցի անդրադառնալով ԻԻՀ դեսպանը շեշտեց. «Սա Հայաստանն է, այն անկախ երկիր է, ունի ազգային ինքնիշխանություն, ունի տարածքային ամբողջականություն, և այս երկրում, ուրիշ երկրի ցանկացած գործողություն պետք է լինի տվյալ երկրի համաձայնությամբ։ Այն, թե Իրանը Հայաստանի հետ համագործակցությունն ինչպես առաջ կտանի, կախված է երկու երկրների համագործակցությունից»։

Իրանի Իսլամական Հանրապետությունը կողմ է հաղորդակցային ուղիների բացմանը՝ Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Եվ սա պետք է վերաբերի տարածաշրջանի բոլոր երկրներին։ Այս մասին ասել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

Հարցին՝ «Հայաստանին ներկայացվող Բաքվի պահանջներից մեկն էլ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն է», Ալիևը պնդում է, որ Ադրբեջանը Նախիջևանի հետ պետք է կապ ունենա Սյունիքով, բայց առանց մաքսային ու սահմանային հսկողության։ Ո՞րն է Իրանի դիրքորոշումն այս հարցում», դեսպանը պատասխանել է. «Ադրբեջանի ներկայացրած պահանջների շուրջ որոշում կայացնողը Հայաստանն է, բայց մեր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ հետևյալն է՝ մենք կողմնակից ենք, դեմ չենք սահմանային ապաշրջափակմանը։ Դուք հարևան եք Ադրբեջանի և Թուրքիայի հետ, միշտ չեք կարող թշնամության մեջ լինել, և մի օր կլուծեք այդ հարցերը նրանց հետ։ Եվ բնական է, որ երբ հարաբերությունները կարգավորվեն, սահմանները կբացվեն։ Մենք կողմ ենք հաղորդակցային ուղիների բացմանը՝ Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Եվ սա պետք է վերաբերի տարածաշրջանի բոլոր երկրներին։ Մենք հիմա Նախիջևանի հետ սահման ունենք, և Ջուլֆայից կարող ենք և՛ երկաթգծով միանալ Երևանին, և՛ ճանապարհով Շատախտիից՝ Երասխին։ Երթուղին շատ կկարճանա։ Այսինքն՝ Մեղրիից Երևան մոտավորապես 6 ժամվա ճանապարհ է, իսկ Շատախտից մինչև Երասխ ու Երևան երևի մեկ ժամից էլ քիչ կլինի։ Այսինքն՝ եթե բացվի ճանապարհը, բոլորը կօգտվեն։ Սա ոչ միայն արևելք-արևմուտք, այլև հյուսիս-հարավին է վերաբերում։ Բայց ապաշրջափակումն այդ բոլորը պետք է ներառի իր մեջ՝ երկրների ազգային ինքնիշխանության շրջանակներում։ Ոչ ոք թույլ չի տալիս, որ իր տարածքում իր օրենքները չպահահպանվեն, դա միջազգային իրավունքի դեմ է, և չպետք է այստեղ որևէ դիվիդենտ ստեղծվի։ Եվ օգուտն էլ պետք է վերաբերի բոլորին։

«Ազատության» թղթակցի դիտարկմամբ՝ Հայաստանն առաջարկում է «Խաղաղության խաչմերուկը»։ Բայց Ռուսաստանը պնդում է, թե 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Նախիջևան-Սյունիք հատվածը պետք է վերահսկեն ռուս սահմանապահները։ Եվ այժմ արդեն կան տեղեկություններ, որ այդ գործառույթը կարող է վստահվել որևէ եվրոպական կամ միջազգային կազմակերպության։ «Իրանի համար այս տարբերակներից ո՞րն է առավել ընդունելի»,- հարցին ի պատասխան Մեհդի Սոբհանին վերահաստատել է. «Միայն կողմ ենք, որ լինի Հայաստանի տարածքային ինքնիշխանության ներքո։ Այն համաձայնագիրը, ինչի մասին Դուք նշեցիք, դրանում առկա պայմանավորվածությունների մի մասն այլևս գոյություն չունի։ Դուք միայն այդ պայմանավորվածությունների մի մասն եք ասում։ Սա մի համաձայնագիր է, որը նաև ուրիշ հարցեր է ընդգրկել։ Այդ հարցերի մեջ եղել են Ղարաբաղը, Ղարաբաղի և Հայաստանի կապը, Լաչին-Շուշի կապը։ Դրանք հիմա չկան, որ ուզենանք դրանց հղում անել։ Հիմա իրականում չկա գործնական առումով գոյություն ունեցող փաստաթուղթ։

Նա համաձայնել է թղթակցի դիտարկմանն առ այն, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի գործում. «Այո՛, դա չի գործում։ Եվ այդ պայմանավորվածությունների մի մասն արդեն գոյություն չունի։ Եվ մնացածն էլ, բնականաբար, գոյություն չունեն»։

Թղթակցի՝ «Կարո՞ղ ենք ասել, որ Իրանը կողմ է, որ ապագայում, Բաքուն Սյունիքով դուրս գա Նախիջևան։ Մենք գիտենք, որ Բաքուն այդ կապը հիմա ապահովում է Իրանի միջոցով։ Դուք, այսինքն, որևէ խնդիր ձեր շահերի հետ կապված չեք տեսնո՞ւմ այս հարցում։ Հայաստանյան որոշ քաղաքական գործիչներ պնդում են, որ սա Իրանի համար կարմիր գիծ է» դիտարկմանն անդրադառնալով դիվանագետը պարզաբանել է. «Մեր կարմիր գիծն այն ժամանակ է լինելու, երբ Հայաստանի հետ մեր սահմանը խզվի։ Այսինքն՝ այնպես ստացվի, որ մենք չկարողանանք Հայաստանի հետ կապ ունենալ։ Սա է մեր կարմիր գիծը։ Մնացած ապաշրջափումն էլ լինի Հայաստանի ինքնիշխանության ներքո, տարածքային ամբողջականության շրջանակներում, հարգեն Հայաստանի օրենքները։ Դուք շատ եք անդրադառնում այդ հարցին, նրանք մի բան ասում են, դուք այնքան եք անդրադառնում այդ հարցին, որ ուռճացնում եք։ Նրանք զբաղեցրել են ձեզ մի նախադասությամբ։ Նայեք, եթե մի երկիր ուրիշ երկրից դիվիդենտ է ուզում, արդյո՞ք պատրաստ է ինքն էլ դիվիդենտ տալ այդ երկրին։ Երկրները միմյանց հետ խոսում են, որ դյուրացնեն իրենց հարաբերությունները, բայց չեն թողնի, որ իրենց ազգային ինքնիշխանությունը խախտվի, ուրիշները մտնեն իրենց տարածքի մեջ, և դա լինի իրենցը։ Եթե Հայաստանն ուզենար, որ նման բան պատահեր, նման գին չէր վճարի»։