Search
Close this search box.

Դու քո ծննդավայր Հադրութն ադրբեջանական ես ճանաչում, ուր մնաց Հայաստանի «սահմանազատված» տարածքներն ադրբեջանական չհամարես

Ալիև-Փաշինյան «սիրախաղի պտուղներն» ու հերթական հիասթափությունների շղթան…
Տավուշում 15-20 կմ հատվածի «սահմանազատումն» ավարտվեց:
ՀՀ իշխանություններն իրենց արածից գոհ են, Ալիևը՝ բավարարված:
Եվ մինչ մենք տեղադրված «ստոլբեքով» մեզ պաշտպանված ենք համարում, Ալիևն Իվանյանում (Խոջալու) պահանջեց Հայաստանին ճանաչել «Խոջալուի ցեղասպանությունն» ու ներեղության խնդրել , միաժամանակ հայտարարեց «ամբողջ Ղարաբաղը և Արևելյան Զանգեզուրը շատ ամուր ամրությունների գոտի» լինելու մասին։
Ասել կուզի՝ Արցախի ողջ տարածքը վերածվում է ռազմական պլացդարմի։

Իսկ մինչ այդ, քանի որ «սահմանազատման» քողի տակ, առանց մի կրակոցի, Ադրբեջանին միակողմանի տրվեցին տարածքներ, ապա վերջինս առանց կաշկանդվելու խոսում է Հայաստանից նոր տարածքային պահանջների մասին, որոնք նույնկերպ բավարարվելու են:
Վերջինս վերստին հաստատեց, որ ՀՀ օկուպացրած տարածքներից դուրս եկողը չէ, տարբեր վայրերում անցկացվելիք «սահմանազատումների» քարտեզներն ըստ իր նախասիրության է լինելու և որ առհասարակ՝ խոսքի իրավունքը պատկանում է իրեն, օրակարգը թելադրում է նա, Հայաստանի հետ բանակցություններն էլ շարունակում են ընթանալ իր կողմից պատրաստված փաստաթղթերի հիման վրա:

ՀՀ-իշխանությունները բնականաբար Ալիևին «արհամարհած» ունեն: Ոչ մի խոսք, ոչ մի հակադարձում: Կարևորն ըստ նրանց մենք այդկերպ պատերազմ ենք չեզոքացրել, ավելին՝ հաղթանակ գրանցել, խաղաղություն հաստատել:
Դրա համար էլ ՀՀ Զինված ուժերի ԳՇ պետն արդեն իսկ անկաշկանդ պետք է ասի՝ «Այո՛, վստահ եմ, որ տրված տարածքները ՀՀ-ի տարածքներ չեն»:

Դա էլ բավ չէ, լրագրողի հետ պոլեմիկայի մեջ մտնի ու Ջերմուկից ադրբեջանցիների հետ քաշվելու վերաբերյալ 2022 թվականին վերջինիս արած հայտարարությանը որպես հիշեցում, հունից դուրս գա, ինքնատիրապետումը կորցնի ու «Լավ եմ արել, հայտարարել եմ: Զենք վերցրու արի միասին գնանք, որ Ադրբեջանը հետ քաշվի» մանկամիտ պատասխանը տա:
Ու սա կոչվում է բարձրաստիճան զինվորական, գեներալ, այն էլ՝ ԳՇ պետ: Մնում է ասել՝ գլուխդ պատին ես տվել, պատն էլ գլխովդ, թե լավ ես արել…
Տո դու ու՜ր, զենք վերցնելն ու՜ր, պատերազմի գնալն ու՜ր, լրագրողին հետդ Ջերմուկի դիրքեր տանելն ու՜ր, առավել ևս՝ թշնամուն հայկական սուվերեն տարածքներից հետ քշելն ու՜ր…
Դու քո ծննդավայր Հադրութն ադրբեջանական ես ճանաչում, ուր մնաց Հայաստանի «սահմանազատված» տարածքներն ադրբեջանական չհամարես:

Քեզանից ինչ ԳՇ պետ, ա՛յ «ընկե՛ր», դու քո խելքով ու վարքով եֆրեյտորի էլ չես ձգի…
Միայն այն, որ ինքնատիրապետում ու տակտ, խոսելու ձիրք ու կուլտուրա, էմոցիաներդ կառավարելու ու նյարդերդ զսպելու կարողություն չունես՝ արդեն իսկ զինվորական կոչվելու իրավունք չունես:
ԶՈՒ ԳՇ պետը, գեներալը պետք է աչքի ընկնի քաղաքական հասունությամբ, ամեն բառն արտաբերի մտածված ու զգուշությամբ, չարտահայտի մտքեր, որոնց համար վաղը փոշմանի, փաստի առաջ կանգնի, առավել ևս ծիծաղի ու ամոթանքի առարկա դառնա:
Ողբերգությունը սակայն քեզանով ու քո տեսակով չի սահմանափակվում:
ՊՆ նախարարդ էլ քեզանից ոչ մի բանով չի տարբերվում:
Ավելին՝ իրար փոխլրացնում եք:
Դուք իրար հետ ֆուտբոլի ու բասկետբոլի բանակային մրցաշարեր կարող եք լավ կազմակերպել, ոչ թե սահմանների անձեռնմխելիությունն ու պաշտպանվածությունը:
Եվ եթե նա զինված ուժերի հետ կապ չունի, ատրճանակը հրաձիգից չի տարբերում և այդ պաշտոնին նշանակվելու միակ ալիբին ու պատճառը՝ ՊՆ նախարարի պաշտոնը քաղաքական համարվելն ու զուտ Փաշինյանի քմահաճույքի, միակ վստահելի մարդու պատրվակն է, ապա դու գոնե ուսադիրներ կրող ես, զինվորականի ճանապարհ անցած…
Դուք այն պաշտոնատար անձիք եք, որոնց օրոք միայն այս տարվա մայիսի դրությամբ ոչ մարտական պայմաններում 13 զինծառայողի մահ է գրանցվել:

Ձեր ողջ պաշտոնավարման ժամանակ այդ թիվը քառապատկվում է:
Չասեմ՝ նման դեպքերում ինչպես են վարվում ՊՆ նախարարի ու ԳՇ պետի հետ:
Ամոթ, արժանանատվություն ու ֆայմ ունենայիք՝ վաղուց հրաժարական կտայիք:
Բայց չէ՝ պաշտոնը քաղցր բան է, համ էլ Նիկոլը չի թողնում, գիտե՛մ…
Դուք այն իշխանությունների ներկայացուցիչներն եք, որ հող հանձնելու համար գեներալի կոչում եք շնորհում…
Այդքանով ամեն ինչ ասված է…
Ինչևէ, ամոթ ձեզ…

Ամոթ էլ մեզ, որ ոչ կոմպետենտ պաշտոնատար կադրերով, թշնամու շանտաժին, ուլտիմատումներին, մանիֆեստներին ու քմահաճույքին ենթարկվող, վախեցած իշխանություն ունենք…
Իշխանություն, որ պատերազմով ահաբեկում է սեփական ժողովրդին:
Իշխանություն, որը թշնամու համար նվեր է ու երազանք, ինչպես ժամանակին Էլչիբեյն էր մեզ համար:
«Ասեք՝ կանենք» կարգախոսով մի պետություն, որի ներքին գործերին խանդառավությամբ միջամտում է թշնամին՝ «լեգիտիմ» Փաշինյանին բոլոր ընդդիմադիրներից ու «ռևանշիստներից» պաշտպանելու մոլուցքով տարված, անգամ պատրաստակամ թուրք-ադրբեջանական խաղաղապահ զորք մտցնել Հայաստան՝ վերջինիս պաշտպանելու համար…
Իշխանություն, որի խղճուկ, կարկամ ու ամուլ լինելու պատճառով Ադրբեջանը մեր պետության հաշվին գոյություն չունեցող «պատմական հայրենիք» է հորինում, Հայաստանը՝ «Արևմտյան Ադրբեջան» կոչում ու հարցականի տակ դնում մեր գոյության իրավունքը:

Իշխանություն, որը մեր փաստարկված, դարավոր պատմության, հայրենիք եզրույթի ու ցեղասպանության ժխտման, կասկածի տակ դրման ու մոռացման կոչ է անում:
Իշխանություն, որն «իրական» Հայաստան ու «խաղաղություն» է կառուցում մի երկրի հետ, որի ղեկավարն ամեն պատեհ ու անպատեհ առիթին հայերին՝ «ատելի թշնամի, բարբարոս ու օկուպանտ» է կոչում, Բաքվի բանտերում գերիներ պահում, ողջ երկիրը միլիտարիզացնում ու ամենօրյա ռեժիմով զորավարժություններ անցկացնում:
Ի դեպ, Միլլի մեջլիսի պատգամավոր, «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» խորհրդի նախագահ Ազիզ Ալեքբերլին, այսօր հայտարարեց, որ մոտ ապագայում կհրատարակեն այն ադրբեջանցիների ճշգրիտ թիվն ու անունները, ինչպես նաև «Արևմտյան Ադրբեջանի» այն գյուղերի, բնակավայրերի և քաղաքների անունները, որտեղ իոր պետական մակարդակով նրանք 1987-1991թթ․ ցեղասպանության են ենթարկվել:

Վերջինս նաև պետք է հրապարակի 250.000 ադրբեջանցու անուն, որոնք իբր ապրել են Հայաստանում, և որոնց վերադարձի համար Ալիևը ջանք կներդնի Փաշինյանի հետ բանակցությունների մակարդակով:
Ինչևէ, բան չկա ասելու:
Կոլաբորացիոնիզմը, հանդուրժելն ու համակերպված ապրելն հենց այսպես է լինում…

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյան