ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ երեկ՝ հունիսի 24-ին ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից հաղորդում է ստացվել նույն օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Դավիթ Վահանի Ներսիսյանի մահվան մասին:
MediaHub-ը պարզել է, որ Դավիթ Ներսիսյանը Գեղարքունիքի մարզից է, Կարմիրգյուղ համայնքից։
«Մի տարվա ծառայող էր, սովորական ընտանիքի տղա»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է համայնքի վարչական ղեկավար Արայիկ Հոդաբաշյանը։
Նրա խոսքով՝ գյուղում լուրեր են շրջանառվում, որ տղան առողջական խնդիր է ունեցել, ու մահվան պատճառը տրոմբն է։
«Ասում են՝ տրոմբ է ունեցել։ Դե ավելի մանրամասն ՊՆ-ն կասի։ Հիմա սպասում են, որ հայրը գա, արտագնա աշխատանքի է եղել։ Սովորական ապրող ընտանիքի երեխա էր, վերջին շրջանում ընտանիքը քաղաքում էր ապրում, բայց տղային այստեղ՝ Կարմիրգյուղում են հուղարկավորելու»,- նշել է զրուցակիցը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Դավիթը մեկ քույր ու մեկ եղբայր ուներ։