Հայկական կողմը չի մեկնաբանում Ադրբեջան-Նախիջևան կապի համար Բաքվի առաջարկած «կալինինգրադյան մոդելը»։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնել են Հայաստանի ԱԳՆ-ից, տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումն արտացոլված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։
Բաքուն երկու անգամ Երևանին առաջարկել է «կալինինգրադյան մոդելը» Նախիջևանի հետ կապի համար։ Վերջին անգամ այս հարցը բարձրացրել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը այս տարվա մարտի 1-ին Անթալիայում դիվանագիտական ֆորումի ժամանակ՝ այն անվանելով «պոտենցիալ լուծում»:
«Տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումն արտացոլված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որը պետք է կյանքի կոչվի դրանում ներառված 4 սկզբունքների միջոցով», – նշել են ԱԳՆ-ից։
ԱԳՆ-ն նաև հիշեցրել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևաչափը։ Արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ հանձնաժողովների նիստերի, ինչպես նաև համատեղ աշխատանքային հանդիպումների արդյունքների մասին տեղեկատվությունը ներկայացվում է պաշտոնական հաղորդագրություններում:
Հիշեցնենք, որ «կալինինգրադյան մոդելը» առաջարկել է 2021 թվականին միջազգային իրավունքի և միջազգային քաղաքականության իսրայելցի մասնագետ Միխայիլ Ֆինկելը։ Այն ավելի շատ հիմնված է քաղաքական, քան նյութատեխնիկական բաղադրիչի վրա:
ԽՍՀՄ փլուզումից հետո Լիտվան (ինչպես Միության մյուս հանրապետությունները) անկախություն ձեռք բերեց, իսկ Կալինինգրադը, լինելով Ռուսաստանի էքսկլավ, կորցրեց կապը երկրի հիմնական մասի հետ։
1997 թվականին Լիտվայի և Ռուսաստանի Դաշնության միջև կնքվել է սահմանային համաձայնագիր։ Ռուսաստանը համաձայնագիրը վավերացրել է այն բանից հետո, երբ համաձայնություն է ձեռք բերվել Կալինինգրադի մարզ ապրանքների առանց վիզայի տարանցման մասին։ 2002 թվականին ԵՄ-ի և Ռուսաստանի Դաշնության համատեղ հայտարարության մեջ ասվում էր, որ տարանցման ռեժիմը չի սահմանափակի Լիտվայի ինքնիշխան իրավունքը՝ իրականացնելու անհրաժեշտ վերահսկողություն և արգելք սահմանի իր տարածք մուտքի համար:
Ներկայում համաձայնագիրը գործում է սահմանափակ ձևաչափով՝ հակառուսական պատժամիջոցների ֆոնին։