Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն արձագանքել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարությանը, որ ՌԴ-ն եկել է, Արցախը վերցրել հայերից ու հանձնել Ադրբեջանին։
Հաջիևն ասել է, թե այս «հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի նախկին և ներկա ռազմաքաղաքական ղեկավարության պարտությունը կոծկելու, մեղքը ուրիշների վրա բարդելու և ինքն իրեն արդարացնելու փորձ»։
«Իր խոսքն ասելով մարտի դաշտում՝ ադրբեջանական բանակը 44-օրյա պատերազմում ջախջախեց հայկական բանակին, տարավ ամբողջական ռազմական հաղթանակ, վերջ դրեց Հայաստանի 30-ամյա ռազմական օկուպացիային։ 2023 թվականի սեպտեմբերին իրականացված հակաահաբեկչական միջոցառումների արդյունքում 23 ժամից էլ քիչ ժամանակում զինաթափվեցին հայկական բանակի մնացորդները, որոնք շարունակում էին ապօրինի տեղակայվել Ադրբեջանի տարածքում, և Ղարաբաղն ամբողջությամբ ազատագրվեց։ Հայկական բանակի ավելի քան 5 միլիարդ դոլարի զենք-զինամթերքը ոչնչացվել կամ վերցվել է որպես ավար։
Ցավով նշում ենք, որ նման հայտարարությունները վկայում են այն բանի մասին, որ ռևանշիզմի մասին երազանքները դեռ մնում են Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության մտքում»,- հայտարարել է Հաջիևը և հավելել․ «Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության անհատներին խորհուրդ ենք տալիս իսպառ հրաժարվել ռևիզիոնիզմի և ռևանշիզմի երևակայություններից, վերջ դնել ռազմականացման քաղաքականությանը՝ չկրկնելու պատմական սխալները»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանը եկել է, հանձնել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին ու վերադարձել Ռուսաստան: