Search
Close this search box.

Բանակից զորացրվելու խնջույքն ավարտվել է ծեծկռտnւքով, ինչին հաջորդել է 3 անձի վրшերթը

Հուլիսի 7-ին խուլիգանություն, ծեծկռտուք և վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 02:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Եղեգնաձոր քաղաքի վարչական տարածքում գտնվող «Եղեգն» ռեստորանային համալիրում, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, որն այնուհետև շարունակվել է փողոցում, ինչի հետևանքով 3 քաղաքացի վրաերթի է ենթարկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Վայոց ձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվում, որ 3 մարդու մարմնական վնասվածքներով բժիշկների հերթապահ խմբերը տեղափոխել է հիվանդանոց։

Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ժամը 01:00-ի սահմաններում Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 123 կմ հատվածում Վայոց ձորի մարզի բնակիչ 33-ամյա Արթուր Մուրադյանն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել նշված ճանապարհը հատող հետիոտներ, Վայոց ձորի մարզի բնակիչներ 51-ամյա Արմեն Սողոմոնյանին, 45-ամյա Ենոք Նազարյանին և 43-ամյա Հովիկ Սարգսյանին։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է քաղաքացիների և բժիշկների հետ վիրավորներին տեղափոխել «Վայոց ձոր» բժշկական կենտրոն, ինչից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ վրաերթից առաջ՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 123 կմ հատվածի աջակողմյան տարածքում գտնվող «Եղեգն» ռեստորանային համալիրում բանակից զորացրվելու կապակցությամբ կազմակերպված է միջոցառման ժամանակ ռեստորանի բակում հայհոյանքներ հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանություն է ծագել միջոցառման մասնակիցներ, Վայոց ձորի մարզի բնակիչներ 51-ամյա Արմեն Սողոմոնյանի, 45-ամյա Հովիկ Սարգսյանի, 41-ամյա Գարիկ Սարգսյանի և ռեստորանի հաճախորդներ, Վայոց ձորի մարզի բնակիչներ 32-ամյա Գեղամ Վարդանյանի, ով հայաստանյան հայտնի բանկերից մեկի Եղեգնաձորի մասնաճյուղի կառավարիչ է, 31-ամյա Ռոմիկ Վարդանյանի, ով հայաստանյան հայտնի բանկերից մեկի Եղեգնաձորի մասնաճյուղի վարկային մասնագետ է, 31-ամյա Գեղամ Բադալյանի, 33-ամյա Տիգրան Բադալյանի միջև։

Վիճաբանություն-ծեծկռտուքն այնուհետև տեղափոխվել է ռեստորանի տարածքից դուրս՝ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի եզր, որի ժամանակ նշված անձինք քաշքշել, բռունցքներով հարվածել են միմյանց, հնչեցրել են հայհոյանքներ և բացահայտ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել նշված ռեստորանում միջոցառման մասնակիցների նկատմամբ որը տևել է մոտ 20 րոպե ու այդ ժամանակ էլ փողոցում տեղի է ունեցել վրաերթ: Այս դեպքի փաստով «խուլիգանություն» հատկանիշներով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։