Search
Close this search box.

Արման Սահակյանի կողմից պետությանը պատճառված մոտ 178 միլիոն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, Սահակյանն էլ իրեն մեղավոր է ճանաչել։

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը 2011–18թթ զբաղեցրած Ա. Ս.-ն (Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը – խմբ.) պետությանը պատճառած 178 մլն ՀՀ դրամը վերականգնել է։ Տեղեկությունը հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Ս.-ն, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, շուրջ 178 միլիոն ՀՀ դրամ շուկայական արժեքով պետական անշարժ գույքն ապօրինի կերպով օտարել է իր հետ փոխկապակցված անձանց անվամբ հիմնադրված կազմակերպությանը:

«Նախաքննության ընթացքում Ա. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Ներկայացված մեղադրանքում վերջինս իրեն լիովին մեղավոր է ճանաչել և ամբողջությամբ վերականգնել պետությանը պատճառված վնասը»,– ասված է հաղորդագրությունում:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար։